Տարվա կտրվածքով ունենք սպանության 50 դեպք, որը համաշխարհային միջինից 2 անգամ քիչ է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ հավելելով, որ ընդհանուր պատկերում սպանությունները 0,1 տոկոս են կազմում:
«Անցած տարի 12 սպանության նախապատրաստություն ենք բացահայտել: Օպերատիվ աշխատանքի մասին եմ խոսում, որովհետև եթե օպերատիվ աշխատանք չլիներ, կազմակերպված սպանությունները պլյուս կլինեին 12 դեպքով: Սա արդյո՞ւնք է. իհարկե արդյունք է: Բավարա՞ր արդյունք է. իհարկե բավարար չէ»,- ասաց նա:
Ըստ Սարգսյանի ՝ առկա է նաև մտածողությունը փոխելու խնդիր:
«Բռնությանն ավելի կոշտ բռնությամբ արձագանքելու և խնդիրը կերպ լուծելու պրակտիկան ՀՀ-ում ամրապնդվել է՝ նպաստելով նաև քրեական ենթամշակույթի տարածմանը։ Այդ ընկալումը կա, որ մեր բակում, մեր ընտանիքում, մեր շրջապատում հարցերը պիտի ոչ թե լուծի պետությունն օրենքով, այլ պիտի լուծի տարածքում գտնվող ինչ-որ մի հեղինակություն: Սա ավելի է ուժեղացնում քրեական ենթամշակույթը Հայաստանում: Եթե մենք մտածողությունը չթիրախավորենք, վստահեցնում եմ, որ այս դեպքերը կարող են ավելի սուր դրսևորումներ ի հայտ բերել, և ավելի բացասական պատկեր կունենանք:
Սրա հիմքով եմ ասում, որ 3,2 տոկոս նվազումն իրավապահ համակարգի ջանքի արդյունք է, որովհետև դեռևս չենք նկատում մտածողության որևէ փոփոխություն, որովհետև տեղի են ունենում խուլիգանական դեպքեր, առողջությանը ծանր վնասի պատճառման դեպքեր և այսպես շարունակ:
Հայաստանը Սիցիլիա չէ, ես նշեցի, որ 3.2 տոկոս հանցավորության անկում ունենք և սա միայն ու միայն իրավապահ մարմինների ջանքերի արդյունքն է»,- ասաց նախարարը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ հանրությունը պարբերաբար ահասարսուռ դեպքերի է ականատես լինում, Սարգսյանը հարց ուղղեց՝ ինչ-որ մեկը ենթադրում է, որ Հայաստանում հանցագործություններ ընդհանարպես չպե՞տք է լինեն։
«Ինչ-որ մի երկիր կա՞, որը սպանությունից ապահովագրված է։ Հորդորում եմ լինել օբյեկտիվ և տեսնել, որ այլ երկրում դպրոցներում խանութներում ահաբեկչություններ են լինում, զանգվածային սպանության իրավիճակներ կան, իսկ Հայաստանը նմանատիպ իրավիճակներից զերծ է և որևէ մեկը չի կարող հակառկը պնդել։
Եթե լրատվական դաշտում տարբեր անձինք կարող են նույն իրավիճակը անընդհատ քննարկման առարկա դարձնել՝ վերհիշեցնել 2017թ, 2018 թ տեղի ունեցած սպանության դեպք, նույն սպանությունը մի քանի օր շարունակ լուսաբանվի՝ մի օր հոգեհանգիստը լուսաբանվի, մի օր այլ իրավիճակ, մի օր՝ մեկ այլ իրավիճակ, տպավորություն կարող է ձևավորվել, որ ամեն օր այդպես է»,- նշեց Արփինե Սարգսյանը։









