Հայաստանի Հանրապետություն տեղի են ունեցել նոր ներխուժումներ, և ՀՀ իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Ես հիմա փաստերով կներկայացնեմ դրանք, և թե ինչ անվտանգային մարտահրավերներ ու խնդիրներ ունենք։ Սրանք օբյեկտիվ ապացույցներ են՝ հաստատված արբանյակային լուսանկարներով»,- նշեց նա՝ քարտոեզի վրա ներկայացնելով խնդրահարույց հատվածները։
Անդրադառնալով կոնկրետ Վարդենիսին՝ Արման Թաթոյանը քարտեզի վրա ցույց տվեց ադրբեջանական նոր դիրքի տեղակայումը ՀՀ տարածքից ներս և ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք։
«Մինչև 2025-ի հուլիսի 31-ը այս դիրքը գոյություն չի ունեցել՝ ըստ արբանյակային լուսանկարների։ Դա տեղի է ունեցել մինչև օգոստոսի 19-ը։ Սա մարտական հերթապահություն կրող ադրբեջանական դիրք է, որտեղ խոշոր տրամաչափի զինատեսակների համար նախատեսված կրակային դիրքեր են։ Խոսքը վերաբերում է նռնականետերին, ականանետերին, այլ խոշոր տրամաչափի զինատեսակներին, նաև հրաձգային կետեր են նախատեսված՝ առանձին նախատեսված կոմունիկացիաներով։
Այդ դիրքից Սոթքի հանքավայր 4 կմ է, մենք տեսնում ենք, որ ուղիղ թիրախի տակ է հայտնվել Սոթքի հանքավայրը։ Այդ դիրքից նշանառության տակ է նաև Վարդենիսի Կութ գյուղը։ Այդ դիրքից 2 կմ հեռավորության վրա հայկական արոտավայրերը, վարելահողերը, խոտհարքներն են։ Բացի այդ՝ այդ դիրքից մինչև մեր ճանապարհը 200 մետր է։
Այս դիրքը նպատակ ունի ոչ միայն ճնշել, թիրախի տակ պահել քաղաքացիական բնակավայրերը, այլ նաև ճնշող, վտանգող նշանակություն ունի մեր զինվորականների համար, որովհետև նրանք ուղիղ թիրախի տակ են պահում մեր զինվորականներին։
Նրանք այնքան են ամրապնդվել, որ այնտեղ ունեն արևային պանելներ, ամրացման աշխատանքներ»,-ասաց ԱրմանԹաթոյանը։









