Ադրբեջանի փայլուն հաղթանակը տարածքային ամբողջականության վերականգնման գործում օրինակ է Վրաստանի համար. APA-ի վրացական գործակալությանն ասել է քաղաքագետ Լեւան Մամալաձեն։
Ստիպված ենք մեջբերել Մամալաձեի խոսքն ամբողջությամբ։ Ընթերցողը նաև թող իմանա, թե մեր հարևան երկրում ադրբեջանամետ ինչպիսի քաղաքագետներ կան, որոնք անաչառությունից անսահման հեռու են, և որոնց գիտելիքներն ու իմացությունները հարևան ժողովուրդների մասին չափազանց կողմնակալ են։
Վրացին ասել է. «Մենք շնորհավորում ենք Ադրբեջանին և ադրբեջանական ժողովրդին այս կարևոր օրվա կապակցությամբ։ Երեկ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի Խանքենդի քաղաքում բարձրացվել է Ադրբեջանի պետական դրոշը։ Ադրբեջանը վերջապես լիովին վերականգնեց իր տարածքային ամբողջականությունը նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ։
Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էր հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևը, որը ժառանգել էր այս խնդիրը, անհանգստանում դրա լուծման համար, նաև իրենց տներից վտարված ադրբեջանցիների վերադարձով և ամեն ինչ արեց այս խնդիրը լուծելու համար։ Նա սկսել է այս գործը, որն ավարտեց որդին՝ Իլհամ Ալիևը։ Հիշում եմ՝ 2003 թվականին նախագահ Իլհամ Ալիևը երդման արարողության ժամանակ ասաց, որ իր հիմնական խնդիրն է լինելու հասնել այս խնդրի լուծմանը՝ ներքին տեղահանված ադրբեջանցիներին վերադարձնել իրենց տները և վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը.
Նա պահեց իր խոսքը։ Նա վճռականորեն ցույց տվեց բոլորին, թե ինչպես պետք է աշխատել, լուծել խնդիրները, ինչպես նաև թշնամու թշնամիներին դարձնել իր բարեկամը։ Ես հույս ունեմ, որ այս հաջողությունը լավ օրինակ կլինի Վրաստանի համար։ Հուսով եմ, որ մենք էլ մեր դրոշը կբարձրացնենք նաեւ Սուխումիում ու Ցխինվալիում։ Հուսով եմ, որ Վրաստանը կկրկնի Իլհամ Ալիևի և ադրբեջանական ժողովրդի այս օրինակելի հաղթանակը»,- ասել է Լևան Մամալաձեն։
Քաղաքական դիտորդ Թենգիզ Տխիլավան խորհրդանշական է համարել, որ Խանքենդի քաղաքում ծածանվում է Ադրբեջանի դրոշը. Գրում է АPA-ն։
Տխիլավան նշել է, որ սա ցույց է տալիս ամբողջ աշխարհին, որ Ադրբեջանը լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
«Խանքենդիում ադրբեջանական դրոշի բարձրացման օրը դարձավ ևս մեկ կարևոր օր Ադրբեջանի պատմության մեջ։ Սա խորհրդանշում է, որ Ադրբեջանի բոլոր տարածքները վերջապես վերադարձվել են։ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ գնում է դեպի այս հաղթանակը։ Որպես հարեւան երկիր՝ մենք շատ ուրախ ենք Ադրբեջանի այս հաջողությամբ»,- ասել է վրացին։
Գաղտնիք չէ, թե Ալիևը որքան շռայլ է վարձատրում միջազգային այն լրատվամիջոցներին և օտարերկրացիներին, որոնք հակահայ քարոզչություն են անում, հրապարակավ պաշտպանում Բաքվի շահերը, ներբողներ հյուսում Ալիևի ու նրա կլանի մասին, պաշտպանում նրա կատարած հանցագործությունները և խեղաթյուրում պատմական փաստերը։ Այս վրացիները ևս APA-ի այս հրապարակումից հետո վստահաբար Բաքվից նվերներ են ստացել։
Բայց պետք է ասել, որ Ալիևը նախաձելի քաղաքականություն է բանեցնում՝ շատերին փողով առնելով՝ նրանց ծառայեցնում է իր քարոզչությանը, ինչին միշտ անմասն են եղել Հայաստանի իշխանությունները։ Հետևանքը՝ ահավասիկ՝ ամեն օր մեր մաշկի վրա ենք զգում՝ տարածքային ու մարդկային կորուստներ տալեվ։ Էլ չասենք, որ Հայաստանը համարվում է տեռսորիստական երկիր, օկուպանտ և ադրբեջանցիների հայրենիք։