Նոր ուսումնական տարին մեկնարկեց, իսկ Հանրապետության դպրոցներում 2–րդ, 5–րդ և 7–րդ դասարանցիները դասագրքեր չունեն։
Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ այդ դասարաններում հանրակրթության պետական չափորոշիչներ են ներդրվում, որոնք նախապես կիրառվել են Տավուշի դպրոցներում։ Նոր չափորոշիչների պատճառով դասագրքրեը փոփոխվել են, դրանց տպագրությունը մինչև նոր ուսումնական տարի, նախարարությունը չի հասցրել իրականացնել։
2–րդ , 5–րդ և 7–րդ դասարանների դասագրքերն այս տարի ուշ կհասնեն դպրոցներ։ Դրանք դեռևս տպագրության փուլում են։
Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռեւս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Մրցույթն ամփոփվել է հունիսի 1-ին։
Ներկայացված հայտերն ուղարկվել են փորձաքննության: Դրական եզրակացություն ստացած դասագրքերը երաշխավորվել են գործածության, ցանկը հաստատվել է նախարարի հրամանով:
Փոխնախարար Արաքսյա Սվաջյանը 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանցիներին առաջարկում է օգտվել դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից, որոնք հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում եւ ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում։
Դրական եզրակացություն ստացած և նախարարի հրամանով հաստատված նոր դասագրքերն այժմ տպագրության փուլում են: Սակայն ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռեւս ավարտված չեն, քանի որ սահմանված ընթացակարգերը նաև որոշակի ժամանակ են պահանջում:
«Յուրաքանչյուր ուսուցիչ էլեկտրոնային մատյանի համապատասխան էջում կարող է տեսնել էլեկտրոնային դասագրքի հղումը: Դրանք որոշ ժամանակ կփոխարինեն դասագրքերի թղթային տարբերակներին. օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ բոլոր դպրոցների տնօրեններին հանձնարարվել է նոր ստեղծվող դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից մի քանի օրվա թեմաների նյութերը տպագրել եւ տրամադրել աշակերտներին մինչեւ նոր դասագրքերի տպագրումը: Իհարկե, աշակերտները նույնպես կարող են էլեկտրոնային դասագիրքը ներբեռնել»,-ասել է փոխնախարարը։