Այսօր՝ ապրիլի 23–ին, անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին Ազգային ժողովի մոտ են:
Նրանք 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցը քննարկելու համար երեկ ԱԺ–ից դահլիճ էին պահանջել ու քննարկմանը մասնակցելու հրավեր ուղարկել ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին, սակայն ներկա են միայն ընդդիմության ներկայացուցիչները։
44–օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատների կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում իրավիճակը լարվեց։ Ակցիայի մասնակիցներից մեկը պահանջեց ոստիկաններից մեկ րոպեով փակել Բաղրամյան փողոցը՝ ի հիշատակ զոհված զինվորների։
«Թող հայ ժողովուրդը լսի, որ հայ զինվորը անարգված է իր հողում»,– ասաց նա։
Մեծաթիվ ոստիկանական ուժեր շղաթ էին կազմել, որպեսզի ակցիայի մասնակիցները փողոց դուրս չգան։ Դրանից հետո իրավիճակը լարվեց։ Ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով ոստիկաններին ասաց. «Արա, լսի, այ տղա, կգոռամ ես, սրան նայի։ Ասում եմ՝ մի րոպեով փակեք»։
Բաղրամյան փողոցի մի կողմը արդեն իսկ փակ է, նրանք պահանջում էին փակել նաև մյուս գոտին։








