Բաքվում կայացած առաջին տնտեսական երկխոսության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի էներգետիկ ոլորտում ամերիկյան ներդրումների ավելացման և էներգետիկ ենթակառուցվածքների նախագծերում ԱՄՆ մասնակցության ընդլայնման ծրագրերը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրը՝ մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին։
«Անցյալ տարի Բաքվի էներգետիկ շաբաթվա ընթացքում ExxonMobil-ը ստորագրեց Ադրբեջանում նոր հետախուզական աշխատանքների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, և մենք աջակցում ենք այս նախաձեռնությանը: ExxonMobil-ը Ադրբեջանում էներգետիկ տարանցման մի քանի կարևոր ենթակառուցվածքային նախագծերի բաժնետեր է: Chevron-ը նույնպես երեկ Բաքվի էներգետիկ շաբաթվա ընթացքում ստորագրեց նոր հետախուզական համաձայնագիր, և մենք աջակցում ենք այս կոնկրետ նախագծերի առաջխաղացմանը», – ասել է նա:
Քալեբ Օրը նշել է, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է Ադրբեջանի կողմից ստեղծված խողովակաշարերի և այլ էներգետիկ ենթակառուցվածքային նախագծերին ավելի ակտիվ մասնակցությամբ։
«Թրամփի ուղու» միջոցով մենք ակնկալում ենք նպաստել Ադրբեջանի դերի հետագա ամրապնդմանը որպես Միջին միջանցքի հիմնական հանգույցի, որը էներգամատակարարում է ապահովում Եվրոպային և աշխարհի այլ տարածաշրջաններին», – ասաց նա։
Օրրի խոսքով՝ Ադրբեջանն այժմ աշխարհի ռազմավարական առումով կարևոր էներգակիրների արտադրողներից մեկն է, և Վաշինգտոնը ակնկալում է առաջիկա տարիներին ավելի ընդլայնել Բաքվի հետ համագործակցությունը։
«Միացյալ Նահանգները մեծապես օգտվում է այս գործընկերությունից և ակնկալում է զգալիորեն ընդլայնել մեր հարաբերությունները առաջիկա տարիներին», – ավելացրել է Քալեբ Օրը։









