«Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Նարեկ Մինասյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Ադրբեջանում կայացած հանդիպումների ժամանակ քննարկվել է հարցը, թե տարածաշրջանային զարգացումներն ինչպես կարող են ազդել TRIPP-ի կյանքի կոչման վրա՝ հաշվի առնելով, որ իրանական ուղղությամբ զարգացումները դեռևս շարունակվում են։
«Ուշագրավ էր նաև այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը բավականին հստակ ուղերձ հղեց, որ իրենց ընկալմամբ՝ Հայաստանը և Ադրբեջանն անվտանգային առումով մեկ նավակի մեջ են, և տարածաշրջանային մարտահրավերներն ընդհանուր են, հետևաբար պետք է գնահատել նաև ներկայիս իրավիճակը և փորձել այն ամրապնդել:
Միևնույն ժամանակ կար նաև այն կարծիքը, որ երկու երկրների միջև հարաբերությունների ներկայիս մակարդակը և կարգավորման գործընթացում առկա ձեռքբերումները որոշակի անվտանգային իմունիտետ են ստեղծել երկու երկրի համար, որի բացակայության դեպքում մեծ կլիներ ռիսկը, որ երրորդ երկրները կարող են միջամտել, և տարածաշրջանային այս պատերազմը կարող է նաև ընդլայնել իր աշխարհագրությունը»,- նշեց բանախոսը։
Ըստ Նարեկ Մինասյանի՝ Գաբալայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում բարձրաձայնվել է ադրբեջանական պետական լրատվամիջոցներում շրջանառվող հայկական նարատիվների հարցը։
«Քննարկումը բավականին բազմակարծիք էր, և առնվազն արձանագրել ենք նաև այն հանգամանքը, որ երկու մասով կան որոշակի տարբերություններ, մասնավորապես՝ առաջինը պետական նարատիվներն են կամ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից օգտագործվող հռետորաբանությունը:
Եթե մենք համեմատում ենք կամ պարզ մոնիթորինգ ենք անցկացնում 1 տարի առաջվա իրավիճակի և այսօրվա իրավիճակի միջև, տեսնում ենք, որ կան որոշակի դրական միտումներ քանակական և որակական առումով: Արդյոք ամեն բան իդեալական է. իհարկե ո՛չ, որովհետև պարբերաբար նաև հնչում են որոշակի խնդրահարույց թեզեր: Բայց, այնուամենայնիվ, դինամիկան դրական է:
Սակայն նույն դրական դինամիկան մենք, ցավոք սրտի, չունենք ադրբեջանական պետական մեդիաների դաշտում, և այս հարցը բարձրաձայնել ենք, որովհետև կարծում ենք՝ սա ևս խնդրահարույց է, և որևէ ձևով չի տեղավորվում խաղաղության տրամաբանության շրջանակում:
Հետաքրքիր էր նաև այն հանգամանքը, որ իրենց կողմից ընդունվեց, որ կա նման խնդիր, և միևնույն ժամանակ նշվեց, որ փոփոխությունները ժամանակ են պահանջում: Միևնույն ժամանակ իրենք էլ մոնիթորինգ են իրականացնում հայկական մեդիաներում, և իրենք էլ իրենց մտահոգություններն ունեին հայկական մեդիադաշտում շրջանառվող որոշակի կոշտ կոնտենտի հետ կապված»,- նշեց Մինասյանը։









