ՆԱՏՕ-ն շփոթված է Դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում Էրդողանի դիրքորոշումից

32

ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ապշած է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ դիրքորոշումից Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Դաշինքին միանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է նորվեգական Verdens Gang թերթը։

Ռազմական դաշինքն այժմ մտածում է, թե արդյո՞ք Թուրքիան իսկապես կխանգարի այդ երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Ղեկավարությանը հետաքրքրում է նաեւ, թե ինչ պահանջներ կարող է առաջադրել Էրդողանը իր համաձայնության դիմաց։

«Դա շատ անսպասելի էր»,- պարբերականին ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը՝ պատասխանելով թուրք քաղաքական գործչի արձագանքի մասին հարցին։

Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահն ու վարչապետը համատեղ հայտարարություն էին տարածել. նրանք աջակցել են ՆԱՏՕ-ին անդամակցելու նախաձեռնությանը։

Դրանից հետո Էրդողանը հայտարարել էր, որ Սկանդինավյան պետությունները «ահաբեկիչների ապաստարաններ են»՝ ակնարկելով, որ այդ երկրներում, մասնավորապես` Շվեդիայում, ապաստանում են բազմաթիվ քրդեր։