Թուրքիայի կրթության նախարարությունը որոշել է վերանայել դպրոցական դասագրքերում հաճախ օգտագործվող արտահայտությունների շարքը, միեւնույն ժամանակ սկսել է մարզային ուսումնական ծրագիր, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
«Մեր ուսումնական ծրագրում մեզ պարտադրված են որոշ հասկացություններ, որոնց մասին մենք նույնիսկ տեղյակ չենք։ Օրինակ, մի բան, որը կարող է ձեզ շատ անվնաս թվալ, այն է, որ մեր պատմության գրքերում մեզ սովորեցնում են խաչակրաց արշավանքներ», – ասել է կրթության նախարար Յուսուֆ Թեքինը այս շաբաթ՝ անդրադառնալով 1095-1291 թվականներին պապության կողմից մուսուլման կառավարիչների դեմ սկսված մի շարք ռազմական արշավներին։
«Մեր գրականության մեջ դա կարող է անվնաս թվալ, բայց երբ մենք ասում ենք «քարոզարշավ», դա ընդունելի է հնչում, գրեթե բարենպաստ։ Այնուամենայնիվ, դա հարձակում էր։ Հետեւաբար, ուսումնական ծրագրից հանել ենք «խաչակրաց արշավանքներ» եզրույթը եւ փոխարինել «խաչակիրների հարձակումներով»։ Սա ճիշտ տերմին է», – ասում է նախարարը։
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ այս հայեցակարգային վերանայումը դասագրքերում տերմինաբանության փոփոխությունների ավելի լայն հավաքածուի մի մասն է։
Ըստ այս տեղեկությունների՝ «Միջին Ասիա» տերմինը, որը ավանդաբար ուսուցանվում էր որպէս թուրքերի նախնիների հայրենիք մինչեւ Անատոլիա գալը, այսուհետեւ դպրոցական նյութերում կկոչվի «Թուրքեստան»:
Նմանապես, «Հայտնագործության դարաշրջան» տերմինը, որն օգտագործվում է 15-րդ դարից սկսած հետախուզական ճանապարհորդությունները նկարագրելու համար, կփոխարինվի «Գաղութատիրության քաղաքականությամբ»՝ նկատի ունենալով գաղութային ընդլայնումը, որը հաջորդեց նոր մայրցամաքների եվրոպացիների հետազոտմանը։
Մեկ այլ վիճահարույց վերանայում վերաբերում է այն պատմությանը, թե հայերը ցեղասպանության են ենթարկվել Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին, պնդում, որը խստորեն մերժվել է թուրքական կառավարության կողմից:
Հարցը, որը թուրքական կրթության մեջ ընդունված է անվանել «հայկական հարց կամ խնդիր», այսուհետ ուսանողներին կներկայացվի որպես «անհիմն հայկական մեղադրանքներ»:
Զուգահեռաբար, հայերի նկատմամբ կիրառվող օսմանյան ժամանակաշրջանի վերաբնակեցման քաղաքականությունն այլեւս կներկայացվի ոչ թե որպես «Տեղաբնակեցման օրենք», այլ որպես «Վերաբնակեցման օրենք»:
Բացի այդ, դասագրքերում կներառվեն նաեւ նոր հայեցակարգային շրջանակներ, ինչպիսիք են «Կապույտ հայրենիքը» ծովային իրավունքների համար եւ «Կանաչ հայրենիքը», որոնք վերաբերում են անտառներին։
Քաղաքներին հարմարեցված ուսումնական ծրագիր
Նախարարության նոր ծրագիրը նաեւ նախատեսում է անցում դեպի քաղաքային հատուկ ուսումնական ծրագրեր։ Միասնական ազգային կրթական մոդելի փոխարեն դպրոցները ավելի ու ավելի կհարմարեցնեն ուսուցումը յուրաքանչյուր գավառի տնտեսական դինամիկային։
Ռազմավարության նպատակն է ապահովել, որ ուսանողները ավարտեն տեղական աշխատաշուկայի կարիքներին ուղղակիորեն համապատասխանող հմտություններով՝ հնարավորություն տալով ավելի արագ ինտեգրվել աշխատանքի մեջ։
Ծրագրերն ու բաժինները, որոնք այլեւս չեն համապատասխանում արդյունաբերության պահանջարկին կամ չեն նպաստում տարածաշրջանային տնտեսություններին, աստիճանաբար կդադարեցվեն, մինչդեռ յուրաքանչյուր տարածաշրջանում աճի շարժիչներ ճանաչված ոլորտները կուժեղացվեն։
Օրինակ՝ Անթալիայում ակնկալվում է, որ զբոսաշրջության հետ կապված կրթությունը առաջնահերթություն կստանա, մինչդեռ Բիլեչիկում, որը հայտնի է իր կերամիկայի արտադրությամբ, կրթական ներդրումները կվերանայվեն՝ ամրապնդելու կերամիկայի արդյունաբերությունը եւ հարակից ոլորտները։
Աղբյուր՝ https://www.hurriyetdailynews.com









