Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Երուսաղեմում տիրող իրավիճակը և արաբա-իսրայելական հակամարտության գոտում ընդհանուր իրավիճակը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի նախագահի խոսքերով, խնդրի լուծման համատեքստում կարևոր է Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումների նմանությունը:
Էրդողանը մատնանշել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ միջամտության անհրաժեշտությունը: ՄԱԿ-ը, նրա համոզմամբ, «պետք է կոշտ և վճռական դիրքորոշում ցուցաբերի, որպեսզի Իսրայելը դադարեցնի հարձակումները» Գազայի հատվածի վրա:
Նա առանձին նշել է, որ «անհրաժեշտ է մշակել պաղեստինցիներին պաշտպանելու համար տարածաշրջան միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցը», և համոզմունք է հայտնել, որ «Թուրքիան և Ռուսաստանը ՄԱԿ-ի հարթակում սերտ համագործակցություն կցուցաբերեն այդ հարցերի շուրջ»:








