«Հայաստանը, Եվրամիության հետ մերձեցմանը զուգընթաց, վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ իր ընդունած նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին ու կանոններին»,- այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Պեսկովը նշել է, որ Հայաստանը, ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում, պետք է դա անի իր սեփական հաշվին:
«Դեռևս մեծ հարց կա. շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի բացարձակ ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին։ Այսինքն՝ նա դա պետք է անի իր սեփական հաշվին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի ապրիլին վավերացրել է խորհրդարանի կողմից ավելի վաղ ընդունված օրենքը՝ ԵՄ-ին անդամակցելու հանրապետության մտադրության մասին, թեև բուն միավորումը երկրին անդամակցություն չէր առաջարկել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ նշել էր, որ Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ միաժամանակ մաքսային միության մեջ գտնվելն ըստ սահմանման անհնար է։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել էր, որ Հայաստանի իշխանությունները փորձում են նստել երկու աթոռի վրա, սակայն դա վնասում է ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Մայիսի 9-ին Պուտինն առաջարկել էր ԵՄ-ի վերաբերյալ Հայաստանի ծրագրերի հարցը քննարկել Եվրասիական տնտեսական միության հերթական գագաթնաժողովում։







