Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

G7-ը Ուկրաինային հորդորեց ապահովել բարեփոխումների առաջընթաց և պայքարել կոռուպցիայի դեմ

Մեծ յոթնյակը (Մեծ Բրիտանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա և Ճապոնիա) Ուկրաինայի ղեկավարությանը կոչ է արել «հետագա առաջընթաց» ապահովել բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին ասվում է G7-ի հայտարարության մեջ:

«Մենք աջակցում ենք ուկրաինական ժողովրդավարության և ինստիտուտների ամրապնդման ջանքերին, կոչ ենք անում Ուկրաինային հետագա առաջընթաց ապահովել այնպիսի բարեփոխումների առումով, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, դատաիրավական բարեփոխումները, կորպորատիվ կառավարումը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական զարգացման աճի հարցերում՝ կատարելու իր պարտավորությունները միջազգային դոնորների, գործընկերների և նրանց քաղաքացիների նկատմամբ», ասվում է տեքստում: