Մոսկվան և Վաշինգտոնը կապի մեջ են Աֆղանստանից ամերիկյան ռազմական զորակազմի դուրսբերման հնարավոր հետևանքների հարցի վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Международная жизнь ամսագրին տված հարցազրույցում:
«Կարծում եմ, որ քաղաքական, աշխարհաքաղաքական և ներքաղաքական պատճառներից ելնելով՝ ԱՄՆ-ը այնուամենայնիվ կշարժվի Աֆղանստանում իր ռազմական ներկայությունը սահմանափակելու ուղղությամբ», ասել է նա: «Դրա հետևանքները բազմակողմանի են, մենք այդ ամենը քննարկում ենք ամերիկացիների հետ»:
Ինչպես նշել է Ռյաբկովը, Ռուսաստանը և ԱՄՆ-ն երկխոսության ուղիներ են հաստատել այս թեմայով տարբեր մակարդակներում. Աֆղանստանի հատուկ բանագնացները սերտ կապի մեջ են, բացի դրանից, ՌԴ արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը պարբերաբար քննարկում են այդ հարցը: Նա հավելել է, որ զորքերի դուրսբերման թեման հնչել է նաև Ժնևի գագաթաժողովում:







