Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

Պուտին․ Աշխարհի բնակչության միայն 10%-ն է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Երկրագնդի բնակչության միայն 10%-ն է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր աշխարհի բնակիչների միայն 10%-ն է ամբողջությամբ պատվաստվել կամ ստացել պատվաստումների առաջին բաղադրիչը, մինչդեռ հարյուր միլիոնավոր մարդկանց համար պատվաստանյութերը պարզապես անհասանելի են` ելնելով այն բանից, որ այդ երկրները չունեն տեխնոլոգիաներ, արտադրական հզորություններ և պատվաստանյութեր գնելու համար միջոցներ», ասել է նախագահը:

Պուտինը աննշան է անվանել օգնությունը այն երկրներին, որոնք ի վիճակի չեն պատվաստել իրենց բնակչությունը:

Համաճարակի բռնկումների վտանգը մնում է այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր մայրցամաքներում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հասանելիությունը չի ապահովվել, ասել է Պուտինը: «Քանի դեռ մենք չենք ապահովել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի լայն տարածում բոլոր մայրցամաքներում, համաճարակի վտանգը և դրա նոր բռնկումները չեն վերանա», հայտարարել է ՌԴ նախագահը: