ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ թալիբների հետ բանակցությունների պատրաստակամության մասին

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտնել է, որ անձամբ ինքը Աֆղանստանի ապագայի վերաբերյալ երկխոսության մեջ չի մտել «Թալիբան» կազմակերպության ղեկավարության հետ, բայց պատրաստ է դա անել:
«Աֆղանստանում մեր աշխատակիցները սերտ կապ են պահպանում Թալիբանի հետ … Ես պատրաստ եմ անձամբ խոսել շարժման հետ, հենց պարզ դառնա, թե ում հետ պետք է խոսեմ և ինչ առիթով», նրա խոսքերը հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ համաշխարհային հանրությունը «պետք է միասնական լինի և հանդես գա որպես ընդհանուր ճակատ Թալիբանի հետ քննարկումներում»: Գուտերեշը հույս է հայտնել, որ Աֆղանստանում ներառական կառավարություն կձևավորվի: Գլխավոր քարտուղարը նշել է նաև, ՄԱԿ-ը չունի անհրաժեշտ հնարավորություններ Քաբուլի օդանավակայանի կառավարումը ստանձնելու համար:
