Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը ներկայումս ճշտում են ռազմագերիների փոխանակման ցուցակները Ղարաբաղում հակամարտությունից հետո: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ սկզբում անհրաժեշտ էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կազմեին անհայտ կորածների ցուցակները, որոնց ցանկանում են ազատել գերությունից, և այդ հարցում հայկական կողմն ամենամեծ խնդիրներն ուներ: «Ադրբեջանը տվեց այդ ցուցակները, և դրանք աննշան էին, և բոլորը, ովքեր նշված էին ադրբեջանական ցուցակներում, ոչ անմիջապես, բայց վերադարձվեցին: Այլևս իրավիճակներ չեն եղել անհետացածների, ձերբակալվածների, Ադրբեջանի կողմից պահվող անձանց հետ»,- բացատրել է ՌԴ նախարարը:
Նա հիշեցրել է, որ հայկական կողմից ցուցակները չեն տրամադրվել անմիջապես և ամբողջությամբ, և արդյունքում տեղի են ունեցել նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձություններին մասնակցածների փոխանակումներ: «Բայց հիմա գլխավորը այն հարցն է, որն առաջացել է արդեն դեկտեմբերի սկզբին Հադրութի շրջանում, երբ նոյեմբերի վերջին այնտեղ ուղարկվեց հայ զորակոչիկների մի մեծ խումբ: Եվ նրանք՝ 62 մարդ, գերեվարվեցին մեկ շաբաթից՝ դեկտեմբերի սկզբի տասը օր»,- նշել է Լավրովը:
Ադրբեջանական կողմը, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, այդ փուլում հայտարարել է, որ քանի որ այդ մարդիկ ուղարկվել են այս տարածքում զինադադարի հայտարարումից և բոլոր ռազմական գործողությունների ավարտից հետո, պետք է դիտարկվեն որպես առանձին ընթացակարգ, այլ ոչ թե նոյեմբերի 9-ի համաձայնագրի շրջանակներում։
«Մենք, այնուամենայնիվ, դեռ կարևորում ենք, որ այս հարցը փակվի՝ առաջնորդվելով «Բոլորին բոլորի համար» սկզբունքով: Ես խոսեցի Հայաստանի արտգործնախարարի հետ`փորձելով հստակեցնել թվաքանակը, բայց պարզվեց որ այժմ նրանք շատ ավելին են, քան 62-ը։ Եվ հիմա մեր զինված ուժերը կապի մեջ են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հետ: Այս ցուցակներն արդեն ստուգվում են՝ հասկանալու համար, թե որտեղ կարող են լինել այդ մարդիկ»,- շեշտել է Լավրովը: