Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Ահա, թե ինչի՞ համար է Նիկոլ Փաշինյանը այսօր շնորհակալություն հայտնել ՌԴ նախագահ Պուտինին. Հակոբ Բադալյան

ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Հայաստանի կառավարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ «տարընթերցումների առիթ տվող մի շարք հարցերի վերաբերյալ հավասարակշռված դիրքորոշումների, բարեկամական տոնայնության, ինչպես նաև աջակցության համար»:

Շատերի մոտ հարց կառաջանա, թե ի՞նչ աջակցության համար է Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնում Պուտինին, այն դեպքում, երբ Մոսկվան թե խոսքով, թե տնտեսական սահմանափակումներով ճնշում է գործադրում նրա վրա, ինչպես թվում է:

Ես՝ Փաշինյանի շնորհակալության առիթի կամ պատճառի մասին խոսել եմ բազմիցս, պարբերական գրառումներով: Այո, Նիկոլ Փաշինյանը պետք է շնորհակալություն հայտնի Պուտինին, որ հատկապես վերջին շաբաթներին ու օրերին նա մեծ աջակցություն է ցուցաբերում ընդդիմության առաջատար ուժերի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի հակաքարոզչությանը, տալիս է այդ հակաքարոզչության համար անհրաժեշտ «ծանրակշիռ հիմքեր»:

Թե ինչու՞ է Պուտինը Փաշինյանին աջակցում ընդդիմության առաջատար ուժերի դեմ հակաքարոզչության հարցում, այդ մասին էլ խոսել ու գրել եմ բազմիցս: Նիկոլ Փաշինյանը Հայաստանի շահերի հաշվին ՌԴ համար ստեղծում է կենսականորեն անհրաժեշտ ալիբիներ: Կրեմլին այսօր հենց դա է պետք Հայաստանից՝ ալիբիներ հայ ժողովրդի հանդեպ գործողությունների համար, որոնք կարող են Ռուսաստանին պետք լինել առաջիկայում:

Նիկոլ Փաշինյանը այդ տեսանկյունից ՌԴ «օփիումն է հայ ժողովրդի համար», եւ ինչպես կասեր մեծ կոմբինատորը՝ գլխավոր հարցը ժողովրդի համար այդ «օփիումի» գինն է:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան