Իսրայելի անապատում սկսվել է Մարսի վրա կյանքի նմանակման գիտափորձ

Իսրայելի հարավում գտնվող Նեգև անապատում սկսվել է Մարսի վրա կյանքի և աշխատանքի սիմուլյացիայի միջազգային գիտափորձը: Դրան մասնակցում է վեց «տիեզերագնաց» Իսրայելից, Ավստրիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Նիդերլանդներից և Պորտուգալիայից՝ հինգ տղամարդ և մեկ կին, գրում է Times of Israel-ը:

Մարսի կայանի մոդելը ստեղծվել է մոտ 500 մետր խորությամբ և մոտ 40 կիլոմետր լայնությամբ խառնարանում: Վեց տիեզերագնացները մինչև հոկտեմբերի վերջ կապրեն այդ կայանում:

Ինչպես նշել են առաքելության կազմակերպիչները, գիտափորձի համար ընտրված Նեգև անապատի տարածքը շատ նման է Մարսի մակերեսին: Համարվում է, որ դրա շնորհիվ հնարավոր կլինի ուսումնասիրել այդ մոլորակի վրա հետազոտողների գործունեության տարբեր ասպեկտներ: