Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ներկայացվել է տեղեկանք, որտեղ նշված է Առուշ Առուշանյանի պատերազմական գործողություններին մասնակցության ժամանակացույցը

«Առուշ Առուշանյան» դաշինքից հայտնում են.

«Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի՝ 44-օրյա պատերազմի օրերին մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ «Առուշ Առուշանյան» դաշինքի լիազորված անձի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ՊՆ ԶՈՒ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումից տրամադրել են տեղեկանք, որտեղ նշված է Առուշ Առուշանյանի՝ պատերազմական գործողություններին մասնակցության ժամանակացույցը:

Տեղեկանքում նշվում է, որ Առուշանյանը 02.10.2020-16.11.2020-ը մասնակցել է մարտական գործողություններին:

Հավելենք, որ Առուշ Առուշանյանը մարտական գործողությունների ժամանակ առաջադրած խնդիրներն արիաբար կատարելու, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելու ընթացքում ցուցաբերած խելացի նախաձեռնությունների, պատրաստակամության և առաջին ԲԿ-ին մշտապես անշահախնդիր աջակցելու համար առաջին բանակային կորպուսի հրամանատարի կողմից արժանացել է պատվոգրի:

Հիշեցնենք, որ Գորիսի ՏԻՄ ընտրություններում առաջադրված ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցի քարոզարշավով զբաղվող ԱԺ իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը օրերս լրատվամիջոցներին տված հարցազրույցներում կասկածի տակ էր դրել Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցության փաստը և հայտարարել էր, որ Գորիսի համայնքապետը պատերազմի օրերին առաջնագծում չի եղել»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net