Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է ստեղծել նորմանդականին զուգահեռ «հզոր խաղացողներով» Դոնբասի շուրջ բանակցությունների նոր ձևաչափ: Այսպիսի հայտարարություն նա արել է Խերսոնի շրջան կատարած աշխատանքային այցի ժամանակ:
«Դա կարող է լինել «նորմանդական ձևաչափի» (Գերմանիա, Ռուսաստան, Ուկրաինա, Ֆրանսիա) ընդլայնում, առանձին զուգահեռ ձևաչափ այլ երկրների հետ, շատ լուրջ, հզոր խաղացողներով: Ոչ միայն այն պատճառով, որ նրանք հզոր են, այլև քանի որ նրանք պատրաստակամություն են հայտնում օգնել Ուկրաինային պատերազմը դադարեցնելու հարցում: Կարծում եմ՝ դա ճիշտ որոշում է», Զելենսկու խոսքերը մեջբերում է նրա գրասենյակի մամուլի ծառայությունը:
Զելենսկու խոսքերով՝ Մինսկի համաձայնագրերը պետք է ճկուն լինեն, բայց դրանցից չպետք է հրաժարվել:
Ավելի վաղ Զելենսկին բազմիցս հայտնել էր ԱՄՆ-ին Դոնբասի շուրջ բանակցություններում ներգրավելու ցանկության մասին: