Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Նորայր Մեհրաբյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ մեդալով

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանին բազմամյա բեղուն գործունեության և պարարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել է ԿԳՄՍՆ մեդալով:

Ժաննա Անդրեասյանն իր երախտագիտությունն է հայտնել Նորայր Մեհրաբյանին կատարած մեծ աշխատանքի, պարարվեստում ունեցած անգնահատելի ավանդի ու ներդրման համար. «Հնարավոր չէ պատկերացնել պարարվեստի ոլորտն առանց Ձեր ներկայության: Ձեր կատարած ահռելի աշխատանքը, դիմագիծն ու հետքը մնայուն ժառանգություն են սերունդների համար»:

Նախարարը տեղեկացրել է, որ ընթացքում են Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը համապատասխան շենքային պայմաններով ապահովելու աշխատանքները՝ փորձերն անցկացնելու նպատակով:

Նորայր Մեհրաբյանը շնորհակալություն է հայտնել նախարար Ժաննա Անդրեասյանին գնահատանքի ու կարևոր խոսքերի համար և հաջողություն մաղթել պարարվեստի ոլորտի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված աշխատանքներին:

Նորայր Մեհրաբյանն իր խորին երախտագիտությունն է հայտնել նաև իր ստեղծած վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական անսամբլի բոլոր տարիների սերունդներին՝ իրեն հավատալու և դժվարին ճանապարհը համատեղ անցնելու համար.

«Դուք իմ ստեղծագործական մտքերի արտահայտողն եք բեմում»։