Մենք չենք բերում այս մշակույթը. այս մշակույթը բերում է ընդդիմությունը, որոնք տարրական հարգանք չունեն, տարրական ընթացակարգերին չեն հետևում, որպեսզի գրանցվեն և գան, ելույթ ունենան ամբիոնից, որի համար կա հատկացված ժամանակ, և տեղից բարբաջում են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Բարբաջում են, տեղից ռեպլիկներ են նետում մարդիկ, որոնք առհասարակ իրավունք չունեն խոսելու։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես հատուկ ուշադրություն դարձրեցի, որ ԲՀԿ–ի ցուցակի չգիտեմ որերորդ համարը, ով նաև Երևանի ավագանու անդամ է, ես իրեն հորդորեցի, որ ինքը ավելի շատ մտածի այն մասին, թե իրենց լիդերը և իրենց երկրորդ համարը մեղադրվում է պետական դավաճանության մեջ, և ես իր փոխարեն որ լինեի, առհասարակ սուս կմնայի։ Իրենք տեղից նորից շարունակեցին իրենց ռեպլիկները, որն անթույլատրելի է։ Ամեն անգամ, երբ ամբիոնից մեզ ամենասուր կերպով քննադատում են, անգամ վիրավորանքին մոտ նախադասություններ են ասում, մենք լուռ լսում ենք, այնուհետև ամբիոնից պատասխանում ենք, բայց իրենց մոտ մի սովորույթ կա, որ հենց որևէ մեկը իրենց հասցեին մի փոքր քննադատություն է հնչում, սկսում են գոռգռալ, փորձում են լռեցնել բանախոսին։ Ես, որպես նիստը վարող, դա թույլ չեմ տալու։
Ես իրեն հորդորեցի, ինքը նորից տեղից սկսեց ռեպլիկներ անել, և ես իրեն դուրս հրավիրեցի, ասեցի՝ դուրս արի։ Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, որի համար ես ներողություն եմ խնդրում ուղիղ եթերով հետևող մեր բոլոր քաղաքացիներին։ Երբ կրքերը բորբոքվում են, գիտեք, որ մի փոքր անկառավարելի վիճակ է ստեղծվում, բայց փառք Աստծո, վիճակը ինչ-որ մի պահից սկսած կառավարելի դարձավ»,- նշեց փոխքաղաքապետը։
Դիտարկմանը, որ վեճին նաև աշխատակազմի վարչության պետերն ու անվտանգության աշխատակիցներն էլ էին խառնվել, մասնակցում էին ծեծկռտուքին, և հարցին՝ արդյոք դա նորմալ է, Արմեն Փամբուխչյանն պատասխանեց.
«Անվտանգության աշխատակիցները նույնպես եկան, որպեսզի հանդարտեցնեն իրավիճակը։ Վարչության պետերը նույնպես մարդիկ են, որոնց հարցրին, նույնպես հնչում են որոշակի վիրավորանքներ և նրանք էլ իրենց նյարդերը տեղի տվեցին, ինչը գուցե լավ չի։ Այո՛, ես համարում եմ, որ բռնությունը լավ չի, բայց ամեն դեպքում մարդկային իրավիճակ է, երբ մարդուն վիրավորում են, իր նյարդերը տեղի են տալիս և ստանում ենք այն, ինչ ստանում ենք»։
Հարցին՝ եթե մի օր ընդդիմադիրներն իր քաղաքական լիդերին մեղադրեին պետական դավաճանության մեջ, ինքը կլռե՞ր, փոխքաղաքապետը պատասխանեց.
«Եթե դուք համարում եք, որ իշխանությունն է որևէ մեկին մեղադրանք առաջադրելու, դա արդեն ապօրինի մեղադրանք է։ Տվյալ անձին ոչ թե իշխանությունն է մեղադրել, այլ իրավապահ համակարգը։ Իսկ մեր լիդերը, առհասարակ, որևէ աղերս չունի պետական դավաճանության հետ»-ասաց նա։
«Մեր ընդդիմության մի հատվածը՝ մասնավորապես «Մայր Հայաստանը», այսպես կոչված ոչ լեգիտիմ ներկայացուցիչ է Երևանի ավագանիում, և իրենք, չհամակերպվելով իրենց պարտության հետ և ժողովրդի հաղթանակի հետ, փորձում են որոշակի մանիպուլյատիվ գործողություններ իրականացնել, որպեսզի սրեն իրավիճակը կամ փորձեն լռեցնել այս կամ այն ելույթ ունեցող ավագանու անդամին։ Մինչ այդ շատ կոնստրուկտիվ, շատ նորմալ քննարկումները գնում էր, այսինքն շատ քաղաքակիրթ, քաղաքական բառապաշարով ընթանում էր նիստը, մինչ իրենք չսկսեցին իրենց տեղից ամեն մի ելույթ ունեցողի ամեն մի բառից հետո որոշակի քոմենթ, ռեպլիկ և վիրավորական կամ հեգնական արտահայտություններ անել»,– ընդգծեց Փամբուխչյանը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, ծեծկռտուք սկսեց «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև։ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը ծեծկռտուքի ժամանակ շիշ նետեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ուղղությամբ:
Ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ բաժակով ջուրը շփեց ավագանու մեկ այլ ընդդիմադիր կին անդամի վրա։










