Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ֆրանսիան կոչ է անում Բաքվին ազատ արձակել իր քաղաքացուն, Բաքուն Ֆրանսիայից պահանջում է չխառնվել իր գործերին

Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից իր քաղաքացու կալանավորումը. խոսքը Մարթին Ռիանի մասին է. Բաքվի և Փարիզի միջև լարված հարաբերությունների ֆոնին՝ Ադրբեջանը ֆրանսիացուն մեղադրում է լրտեսության մեջ:

Նշենք, որ ադրբեջանական կողմը երկու օր առաջ է հայտարարություն տարածել, թե Ադրբեջանում բռնել է ֆրանսիացի լրտեսի և պարզել նրա ինքնությունը։


«Մենք Ադրբեջանի իշխանություններին հայտնել ենք, որ այս կալանավորումը համարում ենք կամայական և պահանջում ենք անհապաղ ազատ արձակել մեր հայրենակցին», – հավելել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Ի պատասխան՝ Բաքուն կոչ է արել ֆրանսիական կողմին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտարարել է.
«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պնդումները Ֆրանսիայի քաղաքացու անհիմն կալանավորման վերաբերյալ որևէ հիմք չունեն։ Այս հայտարարությունը իրականության խեղաթյուրում է՝ Ադրբեջանի ներքին գործերին և օրինական հետաքննության գործընթացին միջամտելու հերթական փորձ»։

Ըստ նրա՝ չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն բանավոր նոտա է ուղարկել Ֆրանսիայի դեսպանատուն՝ նշված անձի և Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի համագործակցության հարցը ուսումնասիրելու նպատակով։ Ֆրանսիական կողմը հրաժարվել է որևէ բացատրություն տալ և համագործակցել հետաքննության հետ։

«Այդ կապակցությամբ դեսպանատան այս երկու աշխատակիցն Ադրբեջանի կողմից հայտարարվել են անցանկալի անձինք։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ֆրանսիական կողմին դադարեցնել միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին և քննչական գործողություններին»,- ասել է Հաջիզադեն։