Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Ֆրանսիայի ջանքերը, որ չեն ծառայում խաղաղությանը և հանգեցնում են տարածաշրջանում ապակայունացման, ոչ մի արդյունք չեն տա. Բաքու

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին մեղադրել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը խափանելու փորձերի մեջ։

Այդ երկրի ԱԳՆ-ից հայտարարել են, թե Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները իբր արդարացնում են «Հայաստանի ռազմականացման քաղաքականությունը» և «բացահայտ կանխակալ են Ադրբեջանի նկատմամբ», իբր «լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և խոչընդոտում խաղաղության գործընթացը»․

«Ֆրանսիայի ջանքերը, որ չեն ծառայում խաղաղությանը և հանգեցնում են տարածաշրջանում ապակայունացման, ոչ մի արդյունք չեն տա», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Լոնդոնում ընթացող եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին, անդրադարձել էր Հայաստանին ֆրանսիական սպառազինության վաճառքին․

«Նորմալ է արձագանքել ինքնիշխան երկրի դիմումին, որը սպառազինություն է ցանկանում և նախազգում, որ ուրիշ երկիր կարող է հարձակվել իր վրա»։