Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Քննարկումներ ենք սկսել Քեմբրիջի համալսարանի գործընկերների հետ՝ դասագրքերի մասով. ԿԳՄՍ նախարար

Այսօր ԱԺ-ում պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանից հետաքրքրվեց՝ ինչ քայլեր է ձեռնարկելու նախարարությունը դասագրքերի որակի բարելավման ուղղությամբ։

Ժաննա Անդրեասյանը նշեց, որ իրենց կարծիքով՝ այդ ուղղությամբ մի քանի քայլեր են պետք։

«Մեկը մրցակցության բարձրացումն է։ Դա ուղղակիորեն ազդում է որակի վրա։ Օրինակ՝ անգլերենի դասագրքերի մասով 4-5 հայտ ենք ստացել, և հնարավոր է  եղել երաշխավորել լավագույնը։ Սա շատ լավ արդյունք է։

Ինչ վերաբերում է մյուս ուղղություններին, ապա վերջերս քննարկումներ ենք սկսել Քեմբրիջի համալսարանի գործընկերների հետ, որոնք դասագրքերի մասով մեծ փորձ ունեն և տարբեր երկրների հետ աշխատանքի փորձ ևս ունեն՝ դասագրքերի մշակման, փորձաքննության, կարողությունների գնահատման ուղղությամբ։

Քննարկում ենք հնարավորություն, որ բնագիտական որոշ առարկաների դասագրքերի համար իրենց մասով ունենանք առաջարկներ։ Սա մեր առաջնահերթություններից է»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։