Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Փռշտացողներին առողջություն և համբերություն

Դեսպան Գրիգոր Առաքելյանի ՖԲ էջից, –

  Յուրաքանչյուր ժողովուրդ փռշտացողներին արձագանքում է յուրովի: Ռուսները օգտագործում են будь здоров   /առողջ եղիր/ ձևը, պարսիկներն ասում են عافیت باشد (afiat bashad), /թող առողջություն լինի/: Չինացիները գերադասում են օգտագործել bai sui /100 տարի ողջ լինես/ ձևակերպումը: Անգլերենն ու արաբերենն այդ երևույթին համար հորինել են   God bless you (թող Աստված քեզ/ձեզ/օրհնի), և الحمدالله (alhamddulellah) /փառք Ալլահին/ մաղթանքները և այլն…

Բայց   Հայաստանում փռշտալու ժամանակ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ մաղթելուց բացի, երբեմն նաև ասում են.  «ԷԴՔԱՆ ԷԼ ՂՈՐԹ» կամ՝ «ԷԴՔԱՆ ԷԼ ՃԻՇՏ»: Շատ գայթակղիչ է այդ արտահայտությունը կապել հետևյալ ավանդապատումի հետ. 

Ասում են՝ հույն գրող, պատմիչ, զորավար և քաղաքական գործիչ Քսենոֆոնը հայրենակից զինվորներին պարսիկների դեմ պայքարելու  հորդորով դիմելիս,  փռշտում է,  ինչն էլ  ընկալվում է որպես   պարսիկների դեմ ռազմի գնալու աստվածների  համաձայնության նշան: Ըստ երևույթին, այդ ժամանակներից էլ խոսակցության պահին  հնչող փռշտոցը համարվում է հավանության  նշան: 

Փռշտալու հարցում հայերն ու իրանցիներն ունեն «ընդհանրություններ»: Երկու հարևան ժողովուրդները   սնոտապաշտորեն կարծում են.  եթե ՍԱԲՐ է գալիս, այսինքն՝ եթե մեկ անգամ ես փռշտում, ուրեմն պետք է սպասես երկրորդ փռշտոցին ու նոր իրականացնես մտադրությունդ:

Րաֆֆին իր ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԱԿԱՆ ՆՈԹԵՐ-ում գրում է.

«Ես մի անգամ փռշտացի, դորան ասում են սաբր, որ պարսից լեզվով նշանակում է համբերություն: Դա աստուծո ձայնն է, որ հայտնվում է մեզ պահապան հրեշտակի միջնորդությամբ. նա զգուշացնում է մեզ հրաժարվել այն նպատակից, որ պատրաստվում ենք գործել»: 

Իրանցի ժամանակակից բանաստեղծ Համիդ Մուսավին ՍԱԲՐ-ի մասին, որ նույն փռշտոցն է, հեգնաբար գրում է.

Խելագարի պես սիրեցի, սակայն տեսա   շատ դժվար է (սիրելը),

Որոշեցի հրաժարվել (սիրուց), մեկ էլ հանկարծ մի սաբր եկավ (փռշտացի):

دل به دیوانگی اش دادم و دیدم سخت است

قصد کردم که از او دل بکنم صبر آمد

Նշանակում է՝ այդ մի հատիկ փռշտոցը ստիպեց բանաստեղծին շարունակել խելագարի պես սիրել: