Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին, այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Պաշտոնական այցով Էստոնիայում` Տալլինում, գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին:

Երկրի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային գործընթացներին, ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին, առաջնահերթություններին, Հայաստանի զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին:

Փաշինյանն այցելել է Տալլինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:

Վարչապետին դիմավորել է Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:

Կատարվել է մոմավառություն, վարչապետը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ: