Հինգշաբթի, 30 Հուլիս, 2026

Վաստակաշատ պատմաբանները ԿԳՄՍՆ-ին խնդրում են կիրառումից հանել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի նոր դասագիրքը շարունակում է  մնալ խնդրո առարկա։ Թեև դպրոցներից համընդհանուր բողոքի ձայն չի բարձրացվում, բայց մասնագիտական դաշտը պնդում է՝ դասագիրքը չպետք է կիրառվի։

«Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, ուրարտագետ Միքայել Բադալյանը հայտնում է, որ սա «Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ տեղի ունեցած քննարկման ժամանակ հեղինակավոր գիտնականների միասնական մասնագիտական եզրակացությունն է, որին միացել են ճանաչված գիտնականներ, որոնց թվում են ՀՀ ԳԱԱ Պատմության, Հնագիտության և Ազգագրության ինստիտուտների տնօրենները, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի պաշտոնակատարը, ԵՊՀ և ՀՄՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչները, ԵՊԱ Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչը և մի շարք հարգարժան և մեծ հեղինակություն վայելող գիտնականներ: 

«Բնօրրան պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի էջում գրված է. 

«2023 թ․ պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքն ունի հայեցակարգային, մեթոդաբանական, գիտականության, կրթադաստիրակչական, մանկավարժական, պատկերագրական նյութի, տեխնիկական և փորձագիտական համալիր խնդիրներ։

Դասագրքի տեքստում գերակայում են վարկածային մոտեցումները։ Պատմություն առարկայի դասավանդման ընթացքում պետք է բացառվեն չստուգված վարկածներն ու ենթադրությունները, բուն տեքստը պետք է հիմնված լինի անառարկելի փաստերի վրա»: