Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Սա «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող քրեաքաղաքական հարձակում է՝ ապօրինի հետապնդումից մինչև ավտոմեքենայի հրկիզում. հայտարարություն

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքի դեմ իրականացված հանցագործության կապակցությամբ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Այսօր ժամը 04:00-ի սահմաններում անհայտ անձի կամ անձանց կողմից հրկիզվել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան: Պատճառվել է զգալի նյութական վնաս:

Հանցագործությունը հոգեբանական լուրջ սթրեսի է ենթարկել Ստեփանյանի երեխաներին, որոնք քնած են եղել նրա սեփական տան այն հատվածում, որտեղ կայանված էր ավտոմեքենան: Եթե հարևանների օգնությամբ շատ արագ հրդեհը չմարվեր, ապա հանցագործության հետևանքները կարող էին ողբերգական լինել:

Տեղի ունեցածը մենք գնահատում ենք Գևորգ Ստեփանյանի հանրային, քաղաքական և իր կարգավիճակից բխող գործունեությամբ պայմանավորված հանցագործություն, քանզի անձնական տիրույթում Ստեփանյանը չունի թշնամիներ և որևէ կոնֆլիկտի մեջ չի գտնվում որևէ անձի հետ: Սա «Մայր Հայաստանի» դեմ իրականացվող քրեաքաղաքական հարձակում է, որն առաջին անգամը չէ և դրսևորվել է տարբեր ձևերով՝ ավագանու անդամի մանդատից ապօրինաբար զրկումից մինչև շինծու քրեական մեղադրանքի առաջադրում, ապօրինի հետապնդումից մինչև ավտոմեքենայի հրկիզում:

Այս ամենը հետևանք է ամենաթողության, «բեսպրեդելի» և օրվա իշխանությունների կողմից խրախուսվող հանցագործության:

«Մայր Հայաստան» խմբակցությունը, խստորեն դատապարտելով Գևորգ Ստեփանյանի ընտանիքի դեմ իրականացված քստմնելի հանցագործությունը, իրավապահներից պահանջում է շուտափույթ բացահայտել գործը:

«Մայր Հայաստան» խմբակցություն

Կարդացեք նաև՝ Գիշերը հրկիզել են «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան. նախաձեռնվել է քրեական վարույթ