Ռուսաստանին ադրբեջանցիների ցեղասպանության մեջ առաջինը Հեյդար Ալիևն է մեղադրել, հիմա Փաշինյանը շողոքորթում է Իլհամ Ալիևին. Հայկ Դեմոյան

Փաշինյանին որևէ անդրադարձ և մեկնաբանություն անլուրջ կլինի․ անլուրջ կլինի, եթե նրա հայտարարությունները լուրջ ընդունես ու գիտական ինչ-որ հիմնավորումներ ներկայացնես կամ հղումներ տաս։ Դա կնշանակի ծիծաղել ինքդ քո և քո մասնագիտական կարողությունների վրա։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց պատմաբան, հրապարակախոս Հայկ Դեմոյանն՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, որով նա Հայոց ցեղասպանության պատճառների սլաքներն ԱԺ ամբիոնից ուղղեց դեպի Ռուսաստանը։
Դեմոյանի գնահատմամբ՝ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հերթական մանիպուլյացիաներն էր հնչեցնում, որոնց նպատակները նախ պետք է հասկանալ։
«Առաջինը՝ փորձեց ստեղծել օպտիկական խաբկանք, որի մաթեմատիկական բանաձևումը հետևյալն է, թե մենք իբր Եվրամիություն գնալով՝ անհանգստացրել ենք Ռուսաստանին։ Սա ամենածիծաղելի մանիպուլյացիան է, սա պարզունակ դեղին մամուլի խմբագրին վայել ժուլիկություն է։
Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարն ուղիղ համեմատական է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հեռանկարին։ Այսինքն՝ որքանով լուրջ է Ադրբեջանի հետ խաղաղությունը (իսկ Ադրբեջանը խաղաղություն հաստատ չի ուզում պարտված կողմի հետ, ուզում է առավելագույնը ստանալ անընդհատ ու անդադար), իսկ Եվրամիությունն էլ որևէ խոստում և երաշխիք դեռ չի տվել Հայաստանին»։
Պատմաբանի դիտարկմամբ՝ երկրորդ մանիպուլյացիան, որը չի նկատվում, այն է, որ Ռուսաստանի դեմ մեղադրանքներ հնչեցնելիս՝ Փաշինյանը խոսում է 2021, 2022, 2023 թվականների մասին։ «Բա այստեղ չասե՞նք՝ ինչու չես խոսում 2020 թ.-ին քո ստորագրած թղթի մասին, որի վրա ռուսների ստորագրությունն էլ կա։
Արցախի ցեղասպանությունը, նաև արցախահայերի ցեղասպանությունը, բոլոր տեսակի հակասահմանադրական ծանրագույն հանցագործությունները նաև քո ստորագրությամբ են, և հետագա հայտարարությունները՝ մինչև 2023 թվականը, լրիվ հիմնավորում էին այդ ստորագրությունը․ բա 2020 թիվն ինչո՞ւ չես հիշատակում։ Ո՞ւր է Լաչինի միջանցքը, որի տակ քո ստորագրությունը կար»։
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության պատճառներում Ռուսաստանին մեղադրելուն՝ Դեմոյանն ընդգծեց, որ Ռուսաստանը չունի որևէ մեկ ազգի կամ մի տարածք պահելու, փայփայելու կամ հովանավորելու պարտավորություն։ «Ռուսաստանն ունի մշտնջենական շահեր, և պետք է զոհաբերի ցանկացած բան՝ հանուն այդ շահերի։
Ի՞նչ է անում դեղին մամուլի խմբագիրը․ ամենաանճոռնի, այլասերված ձևով ուզում է քողարկել իր հիմնական գործառույթը, որի պատճառով ինքը նաև ընտրություններ հերթական անգամ կեղծեց կեսգիշերով՝ ուլերի հայացքով կանգնած թիմակիցներով և իր այսպես մաչոյական կեցվածքով իշխանություն զավթելու հայտարարությամբ։
Փաշինյանի հիմնական գործառույթը Ռուսաստանի անվտանգային շահերի շարունակական սպասարկումն է Կովկասում՝ Ուկրաինայում շարունակական պատերազմի պայմաններում։ Սա այն բանաձևն է, որ նա երբեք իր լսարանին չի ասի։ Փաշինյանն ու իր թիմակիցներն այսօր իրականացնում են այդ գործառույթը՝ ի հաշիվ Հայաստանի անվտանգության, ի հաշիվ Հայաստանի շահերի։
Վերադառնալով այն պնդմանը, թե Հայոց ցեղասպանության պատճառներում Ռուսաստանն է մեղավոր՝ գիտական հիմնավորում չկա, բայց Ռուսաստանին, գիտե՞ք՝ ով է մեղադրում ցեղասպանության մեջ․ դա Հեյդար Ալիևն է իր 1998 թվականի մարտի 31-ի հրամանագրում։ Մինչ այժմ Ադրբեջանում այդ հրամանագրով մարտի 31-ը նշում են որպես այսպես կոչված՝ ադրբեջանցիների ցեղասպանության օր։
Այնտեղ կետ կա, որտեղ Ռուսաստանին մեղադրում են ադրբեջանցիների դեմ իրականացված ցեղասպանության մեջ․ ռուսներին մեղադրում են, որ հայերին իրենք բերեցին Պարսկաստանից այս տարածքներ՝ Երևան, Արցախ, Նախիջևան և այլն, և դա հիմք դրեց ադրբեջանցիների ցեղասպանությանը։
Ես կարծում եմ, որ դեղին մամուլի խմբագիրը հետ չի ուզում մնալ Հեյդար Ալիևից և շողոքորթում է Իլհամ Ալիևին, որ նրա պապայի ձեռագիրն է շարունակում․ փորձում է քողարկել իր հետքը, թե ինչ է սպասարկում իրականում, և, իհարկե, ձայնակցում է ադրբեջանցիներին, որոնք նույնպես Ռուսաստանին մեղադրում են ցեղասպանություն իրականացնելու մեջ»։
