Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ռուբեն Վարդանյանի՝ մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանության համապատասխանությունը ստուգելու միջնորդությունը մերժվել է

Այսօր Բաքվում կայացել է «Ռուբեն Վարդանյանի գործով» կեղծ դատավարության հերթական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ նիստի սկզբում  Ռուբեն Վարդանյանը դատարանին ներկայացրել է  միջնորդություն՝ իր ընտանիքի անդամներին տրամադրել մեղադրական եզրակացության պատճենը և խնդրել է քննարկել նախորդ նիստերում իր կողմից ներկայացված միջնորդությունները։

Դատավոր Զեյնալ Ագաևը հայտարարել է՝ քանի որ դատարան ներկայացված միջնորդություններն արդեն քննարկվել են նախորդ լսումներում և դրանց վերաբերյալ կայացվել են համապատասխան որոշումներ, այս անգամ դրանք քննարկման չեն դրվի։

Այնուհետև  Ռուբեն Վարդանյանը կրկին դիմել է դատարանին և ներկայացրել ևս մեկ միջնորդություն՝ փորձաքննություն անց կացնել քրեական գործով մեղադրական եզրակացության ռուսերեն թարգմանության համապատասխանությունը ադրբեջաներեն տեքստի հետ ստուգելու համար։

Գլխավոր դատախազության Նասիր Բայրամովը հայտարարել է, որ «մեղադրյալը» բազմիցս ներկայացրել է նույն միջնորդությունը։ Հետևաբար, միջնորդությունը չպետք է քննարկման առարկա դառնա։

Այնուհետև դատարանը անցել է խորհրդակցության և որոշում կայացրել՝ միջնորդությունը չբավարարել։