Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՊՆ նախարարը փորձում է մեսիջներ հղել Ադրբեջանին, որ կդիմենք գործողությունների. փորձագետ

ՊՆ նախարարի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ մինչ այդ չկրակելու հրաման է եղել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ՊՆ նախարարի հայտարարություններին:

Նշենք, որ թեև մայիսի 12-ից ադրբեջանցի զինվորականները ապօրինի, անարգել հատել են Հայաստանի պետական սահմանը և արդեն չորս ամիս է՝ գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում՝ Գեղարքունիքի և Սյունիքի շրջաններում, ՊՆ նորանշանակ նախարարը վերջին շրջանում տարբեր առիթներով կտրուկ հրահանգներ է տալիս՝ կասեցնել Հայաստանի սահմանը հատելու` հակառակորդի բոլոր փորձերը:

Կարեն Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ այս հայտարարությամբ փորձ է արվում զսպել ադրբեջանցիներին, որպեսզի հետագայում սադրանքի չդիմեն և չփորձեն Հայաստանի տարածք մտնել և դիրքավորվել:

Փորձագետի խոսքով՝ հայտարարությունից կարելի է ենթադրել, որ մինչ այս չկրակելու հրահանգ է եղել.

«Ուզում եմ հասկանալ, մինչ սա եղել է հրաման, որ չկրակե՞ն, հայտարարությունից ենթադրելի է դառնում, որ մինչ այդ չկրակելու հրաման է եղել: Նմանատիպ հրամաններն առհասարակ ներքին կարգի հրամաններ են և ենթակա չեն հրապարակման: Ես այստեղ նաև արտաքին մեսիջներ եմ տեսնում: ՊՆ նախարարը փորձում է մեսիջներ հղել Ադրբեջանին, որ մենք ցանկացած սադրանքի դեպքում կրակելու ենք և դիմելու ենք գործողությունների»,-ասաց ռազմական փորձագետը:

Կարեն Հովհաննիսյանը նկատեց նաև, որ հայտարարությունը չի վերաբերում մայիսի 12-ից Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիներին.

«Նրանց դուրս հանելու համար ոչ թե պետք է կրակել նրանց վրա, այլ ռազմական օպերացիա իրականացնել, որն իրենից ենթադրում է ոչ միայն կրակոց, այլ նաև շրջափակում, զինաթափում, այն իր մեջ ներառում է նաև փոխհրաձգություն»,-ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Աղբյուր` Փաստինֆո