Որ բանակում մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին՝ սա նորություն է Հայաստանում. Պապիկյան

Իհարկե, բանակում մահերի ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, թե որն է պատճառը, որ այս կարճ ժամանահատվածում ունենք նման խտություն, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում,- ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է պատճառը, որ Զինված ուժերում վերջին 10 օրում արդեն երեք զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել։
«Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել մտքից, որ մենք այս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքն ու, անցյալը, բանակի պատմությունը որոշակի վիճակագրություն է ենթադրում։ ՀՀ բանակի պատմության ողջ ընթացքում սպանության, ինքնասպանության դեպքեր եղել են մշտապես»,- ասաց նա։
Նա հիշեցրեց 2015-2026 թթ. բանակում գրանցված ինքնասպանության, ինքնասպանության հասցնելու, սպանության դեպքերի վիճակագրությունը։
«2015 թվականի դեպքերի թիվը եղել է 7, բայց 2016 թվականին՝ հավանաբար Ապրիլյան պազերազմից հետո, թիվը դարձել է 19։ 2017 թվականին արձանագրվել է 13 դեպք, 2018-ին՝ 12, 2019-ին՝ 11, 2020-ին՝ 10, 2021-ին՝ 10, 2022-ին՝ 8, 2023-ին՝ 9, 2024-ին՝ 11, 2025-ին՝ 2, 2026-ին՝ 8։
Սա վիճակագրություն է այն մասին, որ վերջին տաս տարում այդ թվերը և՛ մեծացել են, և՛ պակասել են, ունեն տարբեր պատճառներ։ Իհարկե, դեպքերի մի մասը ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանք է, մի մասը՝ քրեական ենթամշակույթի հետևանքն է»,- ասաց նա։
Նա միաժամանակ նշեց՝ կարող են արձանագրվել նաև մահվան դեպքեր զորավաժարանում պայթունի հետևանքով, հիվանդության, էլեկտրահարման, ավտովթարի հետևանքով.
«Ի դեպ, ավտոթվարի դեպքեր կարող են արձանագրվել նաև քաղաքացիական մեքենայով ազատ հերթափոխի ժամանակ և այլն»,- ասաց պապիկյանը։
Ինչ վերաբերում է իր՝ զորամասեր այցելելուն, նախարարն ասաց.
«Այցերի ընթացքում իմանում եմ բաներ, որոնց մասին զեկույցների ընթացքում չեմ իմանում։ Ինձ համար անում եմ բացահայտումներ, հետևություններ»,- ասաց նա։
Նա նաև նշեց, որպես պաշտպանության նախարար՝ իր պատասխանատվության մասնաբաժինն ունի, բայց նաև ունեն նրանք, ովքեր քրեական ենթամշակույթին վերաբերում են թողտվությամբ։
Նա հայտարարեց, որ Հայաստանի բանակը շարունակելու է սպառազինվել և արդիականացվել։
