Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Նեղանալ չլինի. Փաշինյանի համար էլ ենք փակել մեր օդային տարածքը. Չավուշօղլու

Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայ պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թռիչքների համար՝ դեպի երրորդ երկրներ. 24TV-ին տված հարցազրույցում ասել է արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ռիա Նովոստի»-ն հայտնում է, որ Չավուշօղլուն ասել է՝ Թուրքիայի օդային տարածքով հայերն ամեն օր թռիչքներ էին գործում, հիմա թող չնեղանան, տարածքը փակել են։

«Փաշինյանի ինքնաթիռի համար էլ ենք փակել, եկել է միայն Հայաստանի խորհրդարանի նախագահը՝ Սևծովյան տնտեսական համագործակցության ԽՎ նիստին մասնակցելու։ Մենք հյուրընկալել ենք գագաթնաժողովը, ուստի անհնար էր փակել օդային տարածքը կազմակերպության անդամի համար»,- ասել է թուրք դիվանագետը։

Ապրիլի վերջին Անկարան չեղյալ հայտարարեց հայկական FlyOne Armenia ավիաընկերությանը Թուրքիայի օդային տարածքով Եվրոպա թռչելու թույլտվությունը։

Չավուշօղլուն չորեքշաբթի  հաստատել է, որ Թուրքիան փակել է օդային տարածքը հայկական ինքնաթիռների համար՝ չբացառելով նոր միջոցների կիրառումը։  Նախարարն այս որոշումն «արդարացրել է»  Երեւանում «Նեմեսիսի» հուշարձանի տեղադրման «անթույլատրելիությամբ»։

  «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նա անվանել է «ահաբեկիչներ, որոնք սպանել են Թուրքիայի քաղաքացիներին ու դիվանագետներին»։

Հիշեցնենք, որ Երևանում հուշարձանը բացվել է ապրիլի 25-ին։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության կազմակերպիչ թուրք դահիճներից արդարացիորեն վրեժ լուծած հայ հերոսների  հիշատակին։

Այդ օրվանից Թուրքիայում կրքերը չեն հանդարտվում, թուրք պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են Հայաստանի նկատմամբ «պատժամիջոցներ» կիրառելու մասին։