Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Մի շարք երկրներում սովից ավելի շատ մարդ կմահանա, քան կորոնավիրուսից

Միջազգային բարեգործական Oxfam կազմակերպությունը հայտարարել է, որ Կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք երկրներում ավելի շատ մարդ կմահանա սովից, քան հիվանդությունից: Կազմակերպությունն ուսումնասիրություններ է արել ու եզրահանգել, որ   Եմենում, Կոնգոյում, Աֆղանստանում սովն ամեն օր սպառնում է 12 000 մարդու:

Անընդմեջ  զինված հակամարտությունները,  թույլ տնտեսություններն արդեն իսկ  ճգնաժամի պատճառ են դարձել, այժմ բնակչության համար հավելյալ սպառնալիք է դարձել մարդասիրական օգնություն հասցնելու դժվարությունը։

 Ջոնս Հոփկինսի համալսարանը տվյալներ է հրապարակել՝ աշխարհում Covid-19-ով հիվանդացածների թիվը գերազանցել է 12 միլիոնը, մահացել է մոտ 550 000 մարդ: Երկու ցուցանիշներով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները՝ համապատասխանաբար ավելի քան 3 միլիոն և 132 000 մարդ: Վարակվածների և մահացածների թվով  երկրորդ տեղում  Բրազիլիան է: Մեծ Բրիտանիան Եվրոպայում ամենաշատ տուժած երկիրն է՝ զբաղեցնելով 7-րդ տեղը՝ 288 500 վարակված, իսկ մահացածների թվով 3-րդ տեղում է՝  44 600: