Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Միքայել Համբարձումյանը՝ արտահերթ ընտրություններում իր դերակատարության մասին․«Փաստինֆո»

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը հայտարարել է, որ չի մասնակցելու ընտրական գործընթացներին։ «Ես չեմ զբաղվում քաղաքականությամբ եւ չեմ պատրաստվում մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Միքայել Համբարձումյանը՝ նշելով, որ ընտրություններին մասնակցելու է բացառապես որպես ընտրող։

Մ. Համբարձումյանն ու ԱԱԾ պաշտոնաթող այլ բարձրաստիճան սպաներ օրերս հայտարարել էին նոր նախաձեռնության՝ «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության ձեւավորման մասին։ Ըստ նախաձեռնողների՝ այն զբաղվելու է հասարակական գործունեությամբ՝ կոչված պահպանելու պահեստազորում գտնվող սպաների բարձր հեղինակությունը։ Այսօր տեղի է ունեցել կազմակերպության անդրանիկ նիստը, որին մասնակցել են նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ԱԱԾ-ի առաջին նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը եւ այլք, որի ժամանակ քննարկվել են կառույցի ծրագրային խնդիրներն ու առաջիկա անելիքները։

Նշենք, որ կառույցն իր գործունեությունը ծավալելու է նաեւ Արցախում, որտեղ աշխատանքները համակարգելու է ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը։ Վերջինս նաեւ Խորհրդի անդամ է։