Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մինչև Ադրբեջանի մասով վերջնական դատավճիռ չլինի, Հայաստանը վտանգի մեջ է լինելու. միջազգային իրավունքի փորձագետ

Թե՛ Հայաստանում, և թե՛ սփյուռքում այսօր անտարբեր և պասիվ են Արցախի հարցի առնչությամբ, և իր հողից վտարված ժողովուրդի իրավուքները շարունակում են անորոշ մնալ,այսօր կայացած քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը։

«Նախկինում խոսում էինք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որը ոչ միայն կենդանի իրավունք է, այլ նաև երաշխավորված է միջազգային օրենքի կողմից։ Օրինակը պաղեստինցի ժողովրդի իրավունքներն են, որոնք պաշտպանվում են 70 տարի։ Այդ իրավունքն արձանագրված է, մնայուն է, եթե նույնիսկ այդ ժողովուրդը Գազայից դուրս գա։

Այժմ ամբողջ հայության պարտականությունն է շարունակել արցախցիների իրավունքների համար պայքարը»,- ասաց բանախոսը։

Ըստ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանի՝ արցախցիների իրավունքների հարցն իրավական և քաղաքական իրավունք է, Արցախ վերադառնալը՝ անհատական և կոլեկտիվ իրավունք։

«Այսօրվա իշխանություններն ասում են՝ Արցախի հարցը փակված է։ Բայց ինչպե՞ս կարող ենք փակել, երբ Արցախի հարցն ամբողջ հայության և նույնիսկ Հայաստանի հարցն է։ Եթե որևէ մեկը կարծում է, որ կարող ենք խաղաղություն ունենալ առանց Ադրբեջանի դատապարտման, շատ սխալվում է։ Մինչև Ադրբեջանի մասով վերջնական դատավճիռ չլինի, Հայաստանը վտանգի մեջ է լինելու»,- շեշտեց միջազգային իրավունքի մասնագետը։

Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը միաժամանակ հավելեց՝ Արցախի հարցը միայն հայկական հարց չէ, այն ունիվերսալ, համաշխարհային հարց է, որի լուծմանը պետք է հետամուտ լինի նաև միջազգային հանրությունը։