Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մենք հակված ենք լիակատար խաղաղության. մենք հակված չենք ձևական խաղաղության, որը ինչ-որ չափով է  խաղաղություն. ԱԺ նախագահ

Մենք հակված ենք լիակատար խաղաղության. մենք հակված չենք ձևական խաղաղության, որը ինչ-որ չափով է  խաղաղություն, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ երբ ադրբեջանական կողմը խոսում է ռևանշիզմից, ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչն իրենք հիմա անում են:

«Այն է՝ կոնկրետ մի ուղղությամբ մեզնից ճանապարհ ուզելը, Հայաստանին ինչ-որ բան փորձել պարտադրելը: Դրանով են իրենք սերմանում այն ռևանշիզմը, որն այսօր հայ ժողովրդի մեջ չկա: Ես պնդում եմ, որ չկա, հայ ժողովուրդն այսօր ուզում է խաղաղ ապրել իր երկրի տարածքում»,-նշեց ԱԺ նախագահ:

Անդրադառնալով խաղաղության պայմանագիր կնքելու հեռանկարներին՝ նա հավաստիացրեց՝ շարունակում են խոսակցություն տանել տարբեր մակարդակներով:

«Գործընթաց կա, որը շարունակվելու է: Եթե ինչ-որ հարցադրում կա, որը վիճելի է, մենք այդ խոսակցության մեջ մտնելու ենք: Մեզ համար չկա թեմա, որը փակ է և քննարկման ենթակա չէ: Կան մի քանի բաներ, որոնց մասին հայտարարել ենք: Օրինակ՝ միջանցքի մասին ենք հայտարարել, որտեղ մեզ համար կարմիր գիծ է, մենք դրա մասին հայտարարել ենք»,- նշեց Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ փորձ արվում է համաձայնության հասնել նաև այն կետերի շուրջ, որոնք համաձայնեցված չեն: