Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Մեզ  համար մերժելի է «Հայ եկեղեցու պատմությունը» տարրալուծել այլ առարկաների մեջ կամ միայն մեկ-երկու դասարաններում դասավանդել. կաթողիկոս

«ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ հանդիպել ենք ու անդրադարձել «Հայ եկեղեցու պատմություն» առարկային։ Այն  տարրալուծվում է այլ առարկաների մեջ, որը ճիշտ չենք համարում, մեր ժխտական դիրքորոշումն արտահայտել ենք»,-պատմեց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը։

  Առարկան միայն գիտելիքների փոխանցում չէ, այն ոգի, նկարագիր, գիտակցություն, արժեհամակարգ կերտող դասընթաց է. կարծում է Վեհափառը։

 Հնարավոր է, որ այսօր այդ թեմաները ճիշտ ներկայացված չլինեն, կարելի է դրանք խմբագրել-սրբագրել, նաև ուսուցիչների վերապատրաստման գործընթաց կազմակերպել, բայց ոչ թե առարկան հանել։

Վեհափառը տեղեկացրեց, որ այս հարցի հետ կապված դեռ պետք է հանդիպպումներ ու քննարկումներ լինեն։  

«Ոչ միայն տիկին Անդրեասյանի մոտ,  այլև մեր հանրային հայտարարությունների մեջ արտահայտել ենք, որ մեզ  համար մերժելի է «Հայ եկեղեցու պատմությունը» տարրալուծել այլ առարկաների մեջ կամ մեկ-երկու դասարաններում դասավանդել միայն։

Մենք առաջարկ ենք արել, որ քննարկումները շարունակվեն, ու փոխընդունելի լուծման եզրահանգենք»,- տեղեկացրել է Գարեգին կաթողիկոսը։