Արցախի առաջին «Ռուսական կենտրոնն» է բացվել Մարտակերտում, տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԼՂՀ վաստակավոր մանկավարժ, Մարտակերտի Վլ. Բալայանի անվան հ.1 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Նատաշա Պողոսյանը։
«Այն ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի տարածման համար նպաստավոր կլինի։ Կենտրոնը բացվեց մշակույթի տանը հատկացված անկյունում, որը վերջերս բարեկարգվեց ու հարստացավ համապատասխան գույքով բարեգործ անհատների մարդասիրական օգնությամբ։
Դեռևս ամիսներ առաջ էին սկսվել ռուսերենի պարապմունքները, որ վարում էր ռուսաց լեզվի մասնագետ, խմբակավար Սոֆյա Պետրոսյանը։ Երկամսյա դասընթացները նա առաջին խմբի հետ ավարտեց բարեհաջող, աշակերտները վկայականներ ստացան։ Շարունակաբար այս օրերին նա երկրորդ խմբի հետ է աշխատում։ Համոզված ենք, որ կենտրոնը հատկապես աշակերտներին լրացուցիչ հնարավորություն կընձեռի բարելավելու ռուսաց լեզվի, ռուսական պատմության և մշակույթի իրենց գիտելիքները։ Այն, որ «Ռուսական կենտրոն» առաջին անգամ բացվում է սահմանամերձ Մարտակերտում, ամենևին պատահական չէ, հավանական է, որ կբացվի նաև տարբեր շրջկենտրոններում: Արցախում ռուս խաղաղապահները մեր խաղաղ կյանքն են ապահովում, հետևաբար անհրաժեշտություն է դառնում ռուսերենի լրացուցիչ իմացությունը, ու նաև դարերից է գալիս հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը՝ ամրագրված մշակութային կապերով։
«Ռուսական կենտրոնի» բացմանը մասնակցում էին Արցախի տարբեր պետական պաշտոնյաներ։ Շուրջբոլորը ռուսական շունչ էր, որ համեմվեց հայերեն «Հայր մերի» աղոթքին` տեր Հովհաննեսի բարձր հնչողությամբ։ Նախնական խոսքը պատկանում էր Արցախի նախագահի աշխատակազմից Սեյրան Կարապետյանին, ով ներկայացրեց կենտրոնի բացման մասին։ Եղան տարբեր ելույթներ։
Սոֆյա Պետրոսյանի կողմից նախապատրաստվել էր փոքրիկ միջոցառում աշակերտների խոսքով, նրանց երգերով, որոնք եզրափակեց իր շնորհակալությամբ։ Միջոցսռմանը մասնակցում էին նաև աշակերտների ծնողներ։ Շատ հուզիչ էր փոքրիկ Մարիամ Ավանեսյանի տխրամած երգը, որն անհնար էր լսել առանց արցունքների, երբ անհոգ մանկության երազանքով Արցախի երեխաները ո՛չ էին ասում պատերազմին՝ երկարատև խաղաղության ակնկալիքով։ »,- գրել է Պողոսյանը։








