Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Մակրոնը «փողոցային բառապաշար է» օգտագործել. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ասել է, որ «Էմանյուել Մակրոնի ոչ տեղին եւ սադրիչ հայտարարություններից հետո» Փարիզն այլեւս չի կարող որպես միջնորդ մասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։ «Պրահայի հանդիպումից ընդամենը մեկ շաբաթ անց Ֆրանսիայի նախագահը վիրավորական, անընդունելի, կեղծ եւ սադրիչ հայտարարություններ արեց։ Նա մեղադրել է Ադրբեջանին սարսափելի պատերազմ հրահրելու մեջ՝ շահարկելով փաստերը եւ փորձելով մոլորության մեջ գցել ֆրանսիական եւ համաշխարհային հանրությանը»,- ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Աստանայում ԱՊՀ գագաթնաժողովում։ Նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահը նաեւ կանխակալ հայտարարություններ է արել Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, ասելով, որ «Ռուսաստանը խաղացել է ադրբեջանական խաղը»։ «Արդյո՞ք քաղաքականապես կոռեկտ է մեծ երկրի նախագահի համար փողոցային բառապաշար օգտագործելը: Դա թող որոշի ֆրանսիական հասարակությունը: Մենք կտրականապես դատապարտում եւ մերժում ենք նման հայտարարությունները»,- հավելել է Ալիեւը։ «Չնայած Ֆրանսիան կապ չունի Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների հետ, Ադրբեջանը, դրսեւորելով բարի կամք, թույլ էր տվել Ֆրանսիայի նախագահին մասնակցել Պրահայի հանդիպմանը»,- ավելացրել է Ալիեւը։