Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հնդկաստանում երկաթուղային վթարի զոհերի թիվն անցել է 300-ից

Փրկարարական աշխատանքների ավարտից հետո Հնդկաստանի իշխանությունները սկսել են տարածքը մաքրել երկու մարդատար գնացքների ծռմռված բեկորներից, որոնք երկրի արևելքում դուրս էին եկել ռելսերից:

 Ավելի քան 300 մարդ է զոհվել, հարյուրավորները վիրավոր են:

Նախնական հետաքննությունը պարզել է, որ Coromandel Express գնացքին տրվել է գլխավոր գիծ մուտքի ազդանշան, բայց հետո այն հանվել է։ Գնացքը ուրիշ գիծ է մտել, որը հայտնի է որպես հանգուցային գիծ, և բախվել  այնտեղ կանգնած բեռնատար գնացքին, տեղեկացրել է Press Trust of India լրատվական գործակալությունը։

Գնացքի տաս-տասներկու վագոն դուրս են եկել ռելսերից, և որոշ վագոնների ծռմռված բեկորներն ընկել են հարևան գծի վրա։ Բեկորները վնասել են հակառակ ուղղությամբ շարժվող մարդատար գնացքը, ինչի հետևանքով այդ գնացքի երեք վագոն նույնպես դուրս է եկել ռելսերից, տեղեկացրել է Երկաթուղու նախարարության ներկայացուցիչ Ամիտաբխ Շարման։