Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի

Կյանքի 88-րդ տարում կարճատև հիվանդությունից հետո վախճանվել է ամերիկահայ գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ, Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտոր Երվանդ Ազատյանը:

Ծնված լինելով Բեյրութում, Երվանդ Ազատյանը եղել է Բեյրութի «Զարթոնք-սպորտ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 1959-1967 թվականներին՝ Կահիրեի «Արև» օրաթերթի խմբագրապետ, 1967-1972 թվականներին՝ Բոստոնի «Պայքար» հաստատության վարիչ-տնօրեն, «Պայքար» գրական եռամսյա հանդեսի և «Արմինիըն Միրըր-Սփեքթեյթըր» թերթի խմբագրակազմերի անդամ, 1971 թվականից՝ Մոնրեալի «Ապագա» շաբաթաթերթի, 1986 թվականից՝ Նյու Յորքի «Արարատ» անգլալեզու հանդեսի, 1991 թվականից՝ Երևանի «Ազգ» օրաթերթի, 2006 թվականից՝ Բեյրութի «Կամար» գրական հանդեսի հիմնադիրներից և գլխավոր աշխատակիցներից։

1972-1997 թվականներին Երվանդ Ազատյանը եղել է ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամի ատենապետ, 1973 թվականից՝ Դետրոյտի անգլերենով հեռարձակվող «Հայ մշակույթի ժառանգություն» ռադիոծրագրի տնօրեն, 1994-1997 թվականներին՝ ԱՄՆ-ի և Կանադայի «Թեքեյան մշակութային միության» կենտրոնական վարչության ատենապետ, 1997 թվականից՝ փոխատենապետ։

Ժամանակակից աշխարհի քաղաքական զարգացումների ու Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին հասցեական հրապարակումները միշտ առանձնացրել են Երվանդ Ազատյանին՝ իրենց օբյեկտիվությամբ, իրադարձությունները կանխատեսելու և դրանց ամբողջական վերլուծությունը ներկայացնելու հմտությամբ։

Հիրավի, անգնահատելի է Երվանդ Ազատյանի ավանդը ոչ միայն սփյուռքահայության, այլև Հայաստանի մշակութային ու գրական կյանքի զարգացման հարցում։ Մոտ 25 տարի լինելով ՀԲԸՄ «Ալեք Մանուկյան» մշակութային հիմնադրամի ատենապետ, նա մեծ աշխատանք է տարել Սփյուռքի ու Հայաստանի մշակութային կառույցների աջակցության հարցում, 1990-ականների առաջին ծանր տարիներին այս հիմնադրամի միջոցով զգալի օգնություն ցույց տվել Մատենադարանին, մշակույթի ու գրականության հայտնի դեմքերին:

Երվանդ Ազատյանի վաստակն աննկատ չի մնացել: Նա արժանացել է Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ, Հայաստանի ազգային գրադարանի Հակոբ Մեղապարտ շքանշանների, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի։

Հայաստանի ժուռնալիստների միությունն իր խոր ցավն ու ափսոսանքն է հայտնում Երվանդ Ազատյանի մահվան գույժի առթիվ:

Մեր ցավակցություններն ենք հղում ազգային գործչի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, նրա գրական տաղանդի երկրպագուներին:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

Հայաստանի Ժուռնալիստների միություն