Հայկական անձնագիրը 73-րդ տեղում է Henley Passport Index 2026-ում

Henley Passport Index 2026-ի հուլիսյան թարմացված վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 73-րդ տեղը՝ հունվարի ցուցանիշի համեմատ նահանջելով երկու հորիզոնականով։
Հրապարակված տվյալների համաձայն՝ հայկական անձնագիր ունեցողները կարող են առանց նախապես վիզա ստանալու կամ ժամանելուն պես վիզա ձևակերպելով այցելել 65 երկիր և տարածք։
Հունվարի վարկանիշում Հայաստանը զբաղեցնում էր 71-րդ տեղը, իսկ առանց վիզայի կամ ժամանելուն պես վիզա ստանալու հնարավորությամբ հասանելի ուղղությունների թիվը 66 էր։ Այսպիսով, կես տարվա ընթացքում Հայաստանը կորցրել է մեկ առանց վիզայի հասանելի ուղղություն և երկու հորիզոնական համաշխարհային վարկանիշում։
Հուլիսյան վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցնում է Սինգապուրը, որի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 192 ուղղություն։ Երկրորդ տեղում են Ճապոնիան, Կորեայի Հանրապետությունը և Արաբական Միացյալ Էմիրությունները (188 ուղղություն), իսկ այդ երկրներին հաջորդում է Շվեդիան (187)։
Henley Passport Index-ը հրապարակվում է Henley & Partners ընկերության կողմից՝ հիմնվելով Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի տվյալների վրա։ Վարկանիշը գնահատում է աշխարհի 199 երկրների անձնագրերի ազատ տեղաշարժի հնարավորությունները՝ 227 ուղղություններով։
