Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Տեսանյութ. Կործանված ինքնաթիռի 25 ուղևոր հոսպիտալացվել է

Azerbaijan Airlines ավիաընկերության՝ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքում: 

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Ղազախստանի առողջապահության նախարարության տվյալներով՝  25 մարդ  հոսպիտալացվել է։

«Ցավակցում եմ Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի ուղևորների հարազատներին, որը վթարի է ենթարկվել Ակտաուում»,- գրել է Չեչնիայի ղեկավարը։

Կադիրովը հայտնել է, որ ավիավթարից ողջ է մնացել 25 մարդ։

Ըստ տեղեկությունների՝ ուղևորների թվում երեխաներ չեն եղել։

Նախնական տվյալներով՝ Ակտաուում կործանված օդանավում եղել են Ռուսաստանի 16, Ադրբեջանի 37, Ղազախստանի 6 և Ղրղզստանի 3 քաղաքացի։

Embraer E190 մոդելի օդանավը, որը պատկանում էր «Ադրբեջանական ավիաուղիներին» և իրականացնում էր Բաքու-Գրոզնի թռիչքը, վերաուղղվել էր Ղազախստան մառախուղի պատճառով, գրում են չեչենական լրատվամիջոցները։

Մինչ ընկնելը, օդանավը թափել է վառելիքը, իսկ անձնակազմն ազդարարել է արտակարգ իրավիճակի մասին։

Հաղորդվում է, որ կործանման պատճառ է դարձել օդանավի բախումը թռչունների երամին։

Նշենք, որ Ադրբեջանի ավիաուղիների Embraer 190 ինքնաթիռը, որն իրականացնում էր J2-8243 Բաքու-Գրոզնի չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Ակտաու քաղաքից 3 կմ հեռավորության վրա։