Ուրիշների Հայրենիքի ու Պետության գող Ադրբեջանը հայերին անվանում է «ադրբեջանական մշակույթի» գող։
«Ադրբեջանական մշակույթ»… անգամ բառակապակցությունն է ծիծաղելի ու զավեշտալի հնչում։
Գիր, մշակույթ չունեցող արհեստածին հանրույթը արդեն «Մշակութային ժառանգություն» խորագրով համաժողով է կազմակերպում ու իրենց պատմական հայրենիքում ապրած աևցախցիներին զրպարտում. «30-ամյա օկուպացիայի ընթացքում հայերը Ղարաբաղի տարածքում գտնվող տներից և պատմության ու մշակույթի կենտրոններից մշակույթ են գողացել՝ ստեղծելով շուրջ 15 պատմամշակութային թանգարան»։
Ուրեմն իմացած լինենք, որ ուրիշի Հայրենիքի ու մշակույթի գող Ադրբեջանում կա «Ադրբեջանի արվեստի ազգային թանգարան», որի գիտական բաժնի աշխատակից Թելման Իբրահիմովն այսօր հայտարարել է. «Զենքի, գորգերի, պղնձե սպասքի և պատմությունն արտացոլող նմուշների մեծ մասի վրա կիրառվել են հայերեն արձանագրություններ, և փորձ է արվել դրանք հայացնել։ Սա նշանակում է, որ այս 30 տարիների ընթացքում Ադրբեջանի մշակութային ժառանգության մեծ թվով կեղծիքներ են եղել»։
Արցախը բռնազավթած, արցախիներին հայրենազրկած օկուպանտներից մեկը՝ ոմն «թանգարանագետ», հանդգնել է հայտարարել, թե հայերն Արցախում «հնագիտական ապօրինի պեղումներ են իրականացրել»։
«Աղդամում հայտնաբերվել են մեծ թվով հնագիտական նմուշներ, որոնք տեղափոխվել են Խանքենդիի թանգարան։ Կարծում եմ, որ մենք պետք է շտապ վերահսկենք այս թանգարանները, իրավական գնահատական տանք կեղծված նմուշներին, վերականգնենք պատմական արդարությունը։ Հակառակ դեպքում ուշ կլինի, հետքերը կկորչեն»,- ասել է կեղծարար ու զրպարտիչ ադրբեջանցին։
Համացանցը լի է տեսանյութերով, որտեղ ադրբեջանցի վանդալները ոչնչացնում են Արցախի պատմամշակութային հուշարձանները, խաչքարերն ու գերեզմանները։
Հայկական հետքն Արցախում ամենուր է. այն ոչնչացնել հնարավոր չէ։
Գրեթե վստահ ենք, որ ինչպես նախորդ զրպարտություններին, կեղծ մեղադրանքներին, Հայաստանն արևմտյան Ադրբեջան, Արցախի հայկական քրիստոնեական ժառանգությունն «ադրբեջանցիների քրիստոնյա նախնիների՝ աղվանների» մշակույթ համարող հայտարարություններին ՀՀ իշխանությունները չեն համարձակվի պատասխանել։ Բայց գոնե հույս ունենանք, որ մշակութաբանները, պատմաբանները, նույն Տիգրանակերտի պեղումներներն իրականացրած հնագետները արժանի պատասխան կտան ադրբեջանական լկտի ու սանձարձակ պահվածքին։







