Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Փաշինյանի՝ «Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք» հայտարարությունը Կրեմլն ի գիտություն է ընդունել

Կրեմլն ի գիտություն է ընդունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ուկրաինական հակամարտության վերաբերյալ՝ որպես պաշտոնական  Երևանի դիրքորոշում. ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք»,-CNN primanews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին և Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։

«Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա»,- հավելել է Փաշինյանը:

«Ռիա Նովոստի»-ն գրում է, որ Փաշինյանի խոսքով՝ հակամարտությունը մտահոգում է հայկական կողմին, քանի որ այն ուղղակիորեն ազդում է երկրի բոլոր հարաբերությունների վրա։

«Սա կարևոր հայտարարություն է, մենք գիտենք, որ Ուկրաինայի  հակամարտության վերաբերյալ Հայաստանի մոտեցումներում կան որոշակի նրբերանգներ, մենք դրանք հաշվի ենք առնում, գիտենք»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ նշել է, որ Մոսկվան, իհարկե, շարունակում է զարգացնել դաշնակցային հարաբերությունները Երեւանի հետ։

Մայիսի կեսերին Փաշինյանը նշել էր, որ Հայաստանը  Ռուսաստանի հետ համագործակցության համար վախենում է արևմտյան պատժամիջոցներից։

«Երևանը չի ցանկանում վնասել Մոսկվային, բայց նաև չի կարող իրեն թույլ տալ ընկնել սահմանափակումների տակ։ Միաժամանակ վարչապետը նշել է, որ հնարավորության դեպքում Հայաստանը «ուրախությամբ ընդառաջում է ռուսական պահանջին»,- նշել է Պեսկովը։