Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայերն էթնիկ զտումներ, ցեղասպանություն են իրականացնում ադրբեջանցիների նկատմամբ. Ադրբեջանի ԱԳՆ-ի հերթական հեքիաթները

Խստորեն դատապարտում և մերժում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ 2023 թվականի մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման և լրատվամիջոցների հետ  ճեպազրույցի ժամանակ Ադրբեջանի դեմ արտահայտած կեղծ և զրպարտչական տեսակետերը․ հայտնում են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Մեր հարևան երկրի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն իր երկրի հայատյաց քաղաքականության հասցեատիրոջը կարծես շփոթել է, և այն, ինչ Բաքվի բռնապետն է իրականացնում հայերի դեմ, վերագրել է հայերիս, իսկ զոհ է ներկայացրել ադրբեջանցիներին։

Եվ այսպես, Ադրբեջանի զրպարտչամեքենան հերթական հերյուրանքն է հրապարակել, որը, հարկավ, միջազգային կառույցներին մոլորեցնելու, իրական հանցագործությունից շեղելու նպատակ ունի։

Հաջիզադեին հիշեցնենք, որ օրեր շարունակ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների վրա՝ նրանց թույլ չտալով այգեգործական աշխատանք իրականացնել։ Դե իսկ Լաչինի միջանցքի  «բաց լինելու մասին» գունավոր հեքիաթներն արդեն ժողովածուի են վերածվել։

Ստորև ներկայացնում ենք Ադրբեջանի ԱգՆ-ի հայտարարությունը.

«Հայաստանը, որը, հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների, ամբողջությամբ  դուրս չի բերում իր զինված ուժերը Ադրբեջանի ինքնիշխան տարածքից,  նաև ապօրինի կերպով իր զինվորականներին տեղափոխում է Ադրբեջանի տարածք՝ մշտապես  ​​ռազմական սադրանքներ իրականացնելով Ադրբեջանի դեմ, վերջին շրջանում  անհիմն մեղադրում է Ադրբեջանին եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ։

 Հայաստանն ադրբեջանցիների նկատմամբ  զանգվածային էթնիկ զտումների քաղաքականություն է վարում՝  իրագործելով ցեղասպանություն, մեղադրում է Ադրբեջանին Լաչինի ճանապարհն իբր փակելու, Ղարաբաղի շրջանում բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ իբր «էթնիկ զտումներ» և «ցեղասպանություն» իրականացնելու մեջ։ Սա ոչ այլ ինչ է, քան միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական սուտը:

Անընդունելի է, որ չնայած Ադրբեջանի՝ խաղաղության օրակարգը խթանելու ջանքերին՝  Հայաստանն այս գործընթացը խաթարելու նպատակով  խաբել է  միջազգային հանրությանը` փորձելով ստվեր գցել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների օրինական բողոքի ակցիայի վրա։

Ընդհանրապես, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունները լի են  տարածքային անհիմն պահանջներով Ադրբեջանի, նրա տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Դրանք կոպտորեն միջամտում են  Ադրբեջանի ներքին գործերին։

Կոչ ենք անում Հայաստանին կատարել իր պարտավորությունները․  Ադրբեջանին անհիմն մեղադրելու, միջազգային հանրության ուշադրությունը շեղելու փոխարեն, զերծ մնալ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը վնասող սադրիչ քայլերից ու հայտարարություններից, վտանգավոր հռետորաբանությունից»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։