Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրք նախարար Սոյլուի թուքումուրն ու ԱՄՆ դեսպանի բերկրանքը

Փետրվարի 3-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, Անթալիայում մասնակցելով գաղթականներին նվիրված միջոցառմանը,  ԱՄՆ-ի դեսպանի հասցեին  դիվանագիտական էթիկայի բոլոր կանոնները ոտնահարող հայտարարություններ է արել:

 Մինչ այդ, արտգործնախարարություն էին հրավիրել այն երկների դեսպաններին, այդ թվում՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքին, որոնք անվտանգության նկատառումներով Ստամբուլում փակել էին իրենց  գլխավոր հյուպատոսարանները և դրանով խիստ զայրացրել թուրքական իշխանություններին:

Ամենայն հավանակությամբ,  նախարար Սոյլուի վերոհիշյալ անպատկառությունը  այդ զայրույթի արձագանքն է, ինչպես նաև առաջիկա ընտրությունների շեմին երկրում միանձնյա իշխող «Արդարություն և բարգավաճում» կուսակցության ընտրազանգվածին նախագահ Էրդողանի շուրջը համախբելու թուրքական իրականության մեջ ընդունված բավականին արդյունավետ փորձ:

 Թերևս պատահական չէ, որ դրանք լայն արձագանք գտան թե՛ իշխանամետ, թե՛ ընդդիմադիր թուրքական գրեթե բոլոր թերթերում, մասնավորապես՝  «Սյոզջու» թերթում: Սոյլուի հայտարարություններին անդրադարձան նաև միջազգային լրատվամիջոցները, այդ թվում, իհարկե, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի թուրքական ծառայությունը:

Փետվարի 4-ի համարում «Հե՛տ քաշիր կեղտոտ ձեռքդ Թուրքիայի վրայից» խորագրով Թուրքական «Սյոզջուն»  գրում է.

«Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն,  դիմելով ԱՄՆ-ի դեսպանին, ասաց. «Հստակ գիտեմ, թե որքան եք ուզում խառնել Թուրքիան: Ձեր այդ կեղտոտ ձեռքերն ու դիմակավոր չարահեգնական դեմքը հեռու տարեք Թուրքիայից»:

 Այդ  պահին ամերիկյան մի ռազմանավ մտել էր Բոսֆոր և խարիսխ գցել Դոլմաբահչեի ափամերձ ջրերում: ԱՄՆ-ի դեսպան Ֆլեյքին գլխավոր հյուպատոսի ուղեկցությամբ բաձրացավ նավի տախտակամած:

  Այդ ընթացքում, ինչպես վերը նշված է,  նախարար Սոյլուն Անթալիայում մասնակցում էր գաղթականների նահանգային վարչության  նիստին, որտեղ նա անդրադարձավ Ստամբուլում եվրոպական երկրների հյուպատոսարանների փակման խնդրին և բացեիբաց թիրախավորեց ԱՄՆ դեսպան Ջեֆրի Լ. Ֆլեյքին՝  ասելով. «Մեր երկրում նշանակվող յուրաքանչյուր ամերիկյան դեսպան իսկույն հայտնվում է Թուրքիայում գործող իշխանությունը տապալելու կամ հեղաշրջում կազմակերպելու մտմտանքների մեջ: Այս հանգամանքը, թերևս, Թուրքիայի հիմնական անբախտությունն է: Ամերիկյան ամեն մի դեսպան մտածում է՝ ի՞նչ անեմ, որ վնաս տամ Թուրքիային և սիրաշահեմ հայրիկներիս: Ուրիշ դարդ չունեն: Սա տարիներ շարունակ եղել է Թուրքիայի գլխավոր անբախտությունը:

 Ամերիկացիները մյուս դեսպաններին հավաքում, փսփսոցներով աշխատում են խելք սովորեցնել նրանց: Նրանք նույն կերպ են վարվում նաև Եվրոպայում: Չէ՞ որ իրենք են կառավարում Եվրոպան, այսինքն՝ ամերիկյան դեսպանատները:

 Մի անհանգստացեք, ասածներս չի տխրեցնի եվրոպացիներին: Նրանք ամեն ինչ գիտեն: Նստում, դիզայն են անում: Մտածում էին դիզայն անել նաև Թուրքիայի հետ, սակայն մի մարդ խափանեց նրանց նկրտումը, և այդ մարդը Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր»:

Սոյլուն շարունակեց. «Այստեղից դիմում եմ ամերիկյան դեսպանին: Գիտեմ, թե որ լրագրողներին ես հոդված պատվիրում: Շատ հստակ եմ ասում՝  հետ քաշիր կեղտոտ ձեռքերդ Թուրքիայի վրայից: Ինձ հայտնի են, թե ինչեր եք ձեռնարկում, ինչ քայլեր եք անում և ինչպես եք փորձում Թուրքիան խառնել: Ամեն ինչ այնքան պարզ է»:

Այնուհետև Սոյլուն ասել է, որ ամերիկացիները հյուպատոսարաններ փակելու միջոցով ուզում են կարգի հրավիրել Թուրքիային, ապա նրանց մեղադրել է Իրաքում (PKK-ին) և Սիրիայում (Սիրիայի դեմոկրատան ուժերին) ահաբեկիչներին զինելու, մարզելու և հովանավորելու մեջ:

Ըստ թուրքական «Սյոզջու»-ի՝ ԱՄՆ-ի դեսպան Ֆլեյքն ամերիկյան ռազմանավ է բարձրացել առավոտյան ժամը  08։00-ին. գուցե դա է պատճառը, որ նախարար Սոյլուի լկտիությանը պատասխանելու փոխարեն, նա լրագրողներին  ասել է.  «Թուրքիան և ԱՄՆ-ն դաշնակիցներ են: Ես և մեր գլխավոր հյուպատոսը գոհ ենք, որ այստեղ ենք: Սա հրաշալի քաղաք է և մենք այստեղ ունենք 350 հոգանոց անձնակազմ և հոյակապ մի ռազմանավ»:

Ի դեպ՝ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, ի հավելումն թուրքական թերթի, նշում է, որ Ջեֆրի Ֆլեյքը Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանի պարտականություններն ստանձնել է հունվարի 26-ին, այսինքն՝  ընդամենը 8 օր առաջ:

Հակոբ Չաքրյան