Ամեն գնով պետք է պաշտպանել Արցախի ժողովրդի ազատ, անկախ ապրելու իրավունքը։ Մենք լիահույս ենք, որ այդ ջանքերը պետք է շարունակվեն, և խնդիրը միջազգային հանրության, մեր ժողովրդի ձգտումների շնորհիվ պետք է բարվոք արդյունք ունենա. հատկապես այս օրերին ՀՀ իշխանությունների ու Ալիևի բերանից հնչող՝ Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու հայտարարություններին արձագանքել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։
«Չենք կարծում, որ այդ հայտարարությունները տեղին են, պետք է չշտապել, ամեն կերպ պետք է պաշտպանել Արցախի ինքնորոշման ու ազատ ապրելու իրավունքը։
Ես չեմ կարող պատկերացնել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որովհետև դա կլինի հայաթափում, հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանություն։ Միջազգային նորմերի շրջագծում պետք է կարողանանք ապահովել Արցախի մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։
Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը որևէ կերպ չի հաշտվի Արցախն Ադրբեջանի կազմում լինելու գաղափարի հետ»,- ասել է Վեհափառը։